Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան. Փաշինյան

Մանրամասներ

Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան, սակայն Հայաստանը կարևորում է, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկո Փաշինյանը «Հանրային հեռուստաընկերությանը» տված հարցազրույցում՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք հավանական համարո՞ւմ է իր այն ցանկության իրագործումը, որ մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը կնքվի:

«Մենք, համենայնդեպս, ամեն ինչ դրա համար կանենք: Խաղաղության պայմանագրի մի քանի տարբերակներ կան: Օրինակ՝ կա տարբերակ ստորագրել շրջանակային համաձայնագիր, որը հարաբերությունների ընդհանուր շրջանակն է գծագրում և չի հասցեագրում բոլոր հնարավոր հարցերը: Եթե այսպիսի տարբերակով Ադրբեջանի համար ընդունելի լինի առաջ գնալ, հնարավոր է և կարողանանք: Մենք մեզնից կախված ամեն ինչ կանենք դրա համար»,-ասաց Փաշինյանը: Նրա խոսքով՝ կան խաղաղության պայմանագրի շրջանակային և ոչ շրջանակային տարբերակներ: Վարչապետը շեշտեց, որ խաղաղության պայմանագրի՝ առնվազն ուժի մեջ մտնելուց առաջ պետք է դելիմիտացիայի գործընթացն ավարտված լինի:

Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի որոշ տարածքներ: Եվ Փաշինյանը կարծում է՝ հնարավոր է, որ Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրեն, և Ադրբեջանը շարունակի տարածքային նկրտումներ ներկայացնել Հայաստանի նկատմամբ: «Դրա համար մենք ասում ենք, որ պետք է սահմանների հստակեցում լինի: Հիմա մենք մի քայլն արել ենք այդ ճանապարհին՝ հղում կատարելով Ալմաթիի հռչակագրի բովանդակությանը: Հիմա պետք է նաև հաջորդ քայլերն անենք»,-ասաց Փաշինյանը:

Հայաստանը նաև իր առաջարկներն է ներկայացրել խաղաղության պայմանագրի տեքստի շրջանակի վերաբերյալ: Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման ընթացքում հայկական պատվիրակությունն իր մեկնաբանությունը, առաջարկները, տեքստի հայկական տարբերակը ներկայացրել է քննարկման և հույս ունի, որ Ադրբեջանը կքննարկի և կառուցողական կարձագանքի: