Եթե 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորված կլիներ. Փաշինյան

Մանրամասներ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ եթե 1998 թվականին Լեռնային Ղարաբաղը բանակցային գործընթացից դուրս թողնված չլիներ, ԼՂ հարցը վաղուց արդեն կարգավորված կլիներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում վարչապետն ասաց, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա խոսակցություն: «Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև պետք է տեղի ունենա երկխոսություն, պետք է տեղի ունենա բանակցություն»,-նշեց նա:

Վարչապետը վերահաստատեց իր այն դիրքորոշումը, որ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման և տեղի հայության իրավունքների պաշտպանության վերաբերյալ Արցախինը պետք է լինի հիմնական խոսքը: «Լեռնային Ղարաբաղի ներկայացոցիչները պետք է լինեն խոսակցության կողմ: Սա ԼՂ մեր հայրենակիցների իրավունքները պաշտպանելու լավագույն ձևն է: Մենք բոլոր բանակցություններում այդ դիրքորոշումը պաշտպանում ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի խոսքով՝ 2020 թվականի աղետալի պատերազմից հետո Հայաստանն ամեն ինչ արել է և շարունակում է անել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հայությունը շարունակի ապրել այնտեղ: «Լեռնային Ղարաբաղի բյուջեն իր ողջ պատմության մեջ երբեք չի եղել այնքան, ինչքան այսօր է: Լեռնային Ղարաբաղը Հայաստանի բյուջեից երբեք նման աջակցություն չի ստացել»,-հավելեց վարչապետը: