Հետևողական եմ լինելու ՔԿՀ-ներում մարդու իրավունքների պաշպանության և խնդիրների վերհանման համար

Արդատարադտության նախարաությունը հստակ բարեփոխումների լուրջ խնդիր ունի, հատկապես, քրեակատարողական հիմնարկներում

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ArmeniaDaily.am–ին տված հարցազրույցում անդրադարձել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում՝ 44 օր հացադուլ հայտարարած, «Haynews.am» լրատվական կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի մահվան հանգամանքներին:

Պատգամավորի համոզմամբ Արդատարադտության նախարաությունը հստակ բարեփոխումների լուրջ խնդիր ունի, հատկապես, քրեակատարողական հիմնարկներում, որտեղ բոլոր հնարավոր միջոցներով մարդու իրավունքները ոտնահարվում են և քանի որ դա փակ և հասարակության աչքից հեռու համակարգ է, այդ իսկ պատճառով հասարակությունը հնարավորություն չունի վերահսկելու, ըստ այդմ՝ մարդկանց հետ կարող է լինել ամեն ինչ:

Անի Սամսոնյանի խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում եղել և  շարունակում են մնալ բազմաթիվ խնդիրներ և դա պայմանավորված չէ մեկ անձի դեպքով, այդ խնդիրները կրում են համակարգային բնույթ:

«Ես լսել եմ Մհեր Եղիազարյանի պաշտպաններին, և Արդարադատության նախարարության պարզաբանումները, և ըստ այդ պարզաբանումների նրանք արել են ամեն ինչ, որպեսզի կարողանան հացադուլի մեջ գտնվող Մհեր Եղիազարյանին բացատրել այդ իրավիճակի հետևանքները»,-ասաց նա:

Ըստ պատգամավորի մյուս խնդիրը՝ Մհեր Եղիազարյանի համար ներկայացված պատգամավորական միջնորդության մերժումն էր և, այդ և մի շարք այլ հարցերի վերաբերյալ պետք է տրվեն պարզաբանումներ:

«Որպես մարդու իրավունքների հանձնաժողովի անդամ ես հետևողական եմ լինելու քրեակատարողական հիմնարկներում մարդու իրավունքների պաշպանության, խնդիրների վերհանման համար և պարբերաբար անելու եմ հրապարակումներ որպեսզի կարողանանք այդ խնդիրները լուծել»,-նշեց պատգամավորը: