Ռուսների ներհոսքը մեծացրել է Վրաստանի ու Հայաստանի ՀՆԱ-ն. S&P Global Ratings

Մանրամասներ
Live24-ը ներկայացնում է

S&P Global Ratings-ի վերլուծական տվյալների համաձայն, այս տարի ռուսների զանգվածային ներհոսքն ու տրանսֆերտների կտրուկ աճը նպաստել են Վրաստանի ու Հայաստանի համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) զգալի աճին և այդ երկրների արժույթների ամրապնդմանը։ Գրում է aliq.ge-ն։

Ըստ այդ տվյալների, առաջին կիսամյակում Վրաստանում համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 10,3 տոկոս, իսկ Հայաստանում՝ 13,1 տոկոս, ինչը զգալիորեն գերազանցում է 2022 թվականի սկզբի կանխատեսումը։

S&P Global Ratings-ի վերլուծաբանները պատճառների թվում նշել են Ռուսաստանից դրամական փոխանցումների կտրուկ աճը, ինչը նպաստել է այդ երկրների վճարային հաշվեկշռին, իսկ ներքին պահանջարկի աճը պայմանավորված է Ռուսաստանից մարդկանց զանգվածային հոսքով։

«Փետրվարի վերջից Վրաստանի և Հայաստանի արժույթները անշեղորեն ամրապնդվել են, մինչդեռ այլ զարգացող շուկաների արժույթների մեծ մասն արժեզրկվել է համաշխարհային ֆինանսական խստացման և հումքային ապրանքների գների աճի պատճառով», — ասված է զեկույցում:

S&P Global Ratings-ի տվյալներով՝ մարտի սկզբից վրացական լարին դոլարի նկատմամբ ամրապնդվել է 20 տոկսով, իսկ հայկական դրամը՝ 30 տոկոսով՝ այդ արժույթները դարձնելով զարգացող երկրների փոխարժեքի սեգմենտի առաջատարը։

S&P Global Ratings-ի վերլուծաբանների տվյալներով՝ փետրվարից մինչև ապրիլի կեսերը Ռուսաստանը լքել է 150-300 հազար մարդ։