ԵՄ դեսպանը տպավորիչ է որակում Հայաստանի տնտեսության կատարողականը

Մանրամասներ

Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի տնտեսության կատարողականը բավականին տպավորիչ է գնահատում: Դեսպանը նման տեսակետ հայտնեց «Աջակցություն Հայաստանում որակի ենթակառուցվածքների զարգացմանը» ծրագրի մեկնարկին նվիրված միջոցառմանն իր ելույթում:

«Հայաստանյան տնտեսության կատարողականը 2022 թվականին տպավորիչ է եղել: Թեև այդքան շատ մարտահրավերներ կային: Եվ դա մեծ հույսեր է տալիս ապագայի համար: Դա ցույց է տալիս այս երկրի կարողություններն ու ներուժը»,-ասաց Անդրեա Վիկտորինը:

Սակայն նա ընդգծեց, որ տնտեսության էությունն այպիսին է, որ, երբ ամեն ինչ լավ է, պետք է պատրաստվել ավելի դժվարին իրավիճակների: Այսինքն՝ երբեք պետք չէ բավարարվել հաջողությամբ, միշտ պետք է ավելին անել, ավելի բարելավել:

«Կարծում եմ այս պահին ճիշտ պահն է ներդրումներ կատարելու ենթակառուցվածքների, հմտությունների մեջ, ինչը կօգնի երկրին դառնալ ավելի մրցունակ»,-նշեց դեսպանը: