Վերահաստատել եմ Ադրբեջանի պատրաստակամությունը խաղաղության պայմանագրի շուտափույթ ստորագրմանը. Բայրամովը՝ Միրզոյանի հետ հանդիպման մասին

Մանրամասներ
ա

Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նախօրեին Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպումից հետո հայտարարել է, որ Բաքուն պատրաստ է հնարավորինս արագ ստորագրել հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը:

«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի նախաձեռնությամբ Վաշինգտոնում հանդիպում եմ ունեցել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ: Վերահաստատել եմ Ադրբեջանի հանձնառությունն ու պատրաստակամությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի  շուտափույթ ստորագրմանը և կոչ եմ արել մնալ այն գործողություններից, որոնք կխաթարեն գործընթացը», - գրել է Բայրամովը:

Նոյեմբերի 7֊ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Արտգործնախարարները մտքեր են փոխանակել հավանական խաղաղության պայմանագրի տարրերի վերաբերյալ և արձանագրել, որ առկա են մի շարք խնդիրներ, որոնք դեռևս հասցեագրման կարիք ունեն։ Երկու կողմերը վերահաստատել են հոկտեմբերի 6-ին Պրահայում և հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի ունեցած հանդիպումներում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստանձնած հանձնառությունները:

Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթների ընթացքում:

Երկու նախարարներն իրենց երախտագիտությունն են հայտնել ամերիկյան կողմին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցությունները հյուրընկալելու համար։