Նախիջեւանի բնակչությունը ցանկանում են կամավոր միանալ Իրանին եւ խնդրել Նախիջևանի տարածքում Իրանի զինված ուժեր տեղակայել

Մանրամասներ

1

Բաքվի ​​անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել, թե Նախիջեւանի մասին սադրիչ տեղեկություններ են տարածվում սոցիալական ցանցերի ադրբեջանական հատվածում։

Ըստ անվտանգության ծառայության, սոցիալական ցանցերում շրջանառվում է «Իրանի Նախիջևանի ժողովրդական շարժում» կազմակերպության անունից ուղղված կոչ Իրանի կառավարությանը։ Դրանում ասվում է, որ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության բնակչությունը, Ադրբեջանի իշխանությունների մեղքով, լուրջ դժվարությունների է բախվում անվտանգության, գիտության, ինչպես նաև սննդի ոլորտում, և որ նրանք ցանկանում են կամավոր միանալ Իսլամական Հանրապետությանը եւ խնդրել Նախիջևանի տարածքում Իրանի զինված ուժեր տեղակայել։

«Տեղեկացնում ենք, որ վերջին օրերին Ադրբեջանի դեմ նպատակաուղղված իրականացված գործողությունները լրջորեն հետաքննվում են, ձեռնարկվում են համապատասխան միջոցներ։ Մեր երկրի նկատմամբ թշնամաբար տրամադրված հայտնի շրջանակների կողմից նման անիմաստ և սադրիչ տեղեկատվության տարածումն անընդունելի է և թշնամանք է առաջացնում քաղաքացիների մոտ։ Ադրբեջանական պետությունը և նրա քաղաքական ղեկավարությունը ողջ երկրի բնակչության համար ապահով և բարեկեցիկ կյանքի երաշխավորն են, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունում, որը նրա անբաժանելի մասն է», ասվում է Բաքվի ​​անվտանգության ծառայության հայտարարության մեջ։

Բաքվում ակնհայտորեն հող են նախապատրաստում Նախիջեւանի կարգավիճակը լուծարելու համար, դա են վկայում նաեւ Բաքվի պաշտոնական եւ ոչ պաշտոնական շրջանակներում վերջերս այդ ուղղությամբ ծավալվող քննարկումներւ։ Նախիջեւանը Կարսի պայմանագրով հայկական ինքնավարություն է՝ ժամանակավորապես փոխանցված Բաքվի խնամակալությանը։ Նախիջեւանը «Ադրբեջանի» մաս չէ, ոչ բաժան, ոչ էլ «անբաժան»։

Լրագիրը բազմիցս անդրադարձել է Նախիջեւանի միջազգային կարգավիճակին եւ դրա ընձեռած՝ Հայաստանի մանեւրի լայն հնարավորություններին, որոնք գիտակցաբար անտեսվում են։ Ավելին, «խաղաղության պայմանագրով» Արցախը եւ Նախիջեւանը ճանաչվում են «Ադրբեջանի» տարածք։ Փաշինյանի կառավարությունը Բաքվի հետ համաձայնության շրջանակում դիտավորյալ տեր չի կանգնում Կարսի պայմանագրի ցանկացած ստատուսի դեպքում այսպես կոչված «Ադրբեջանի» կազմից դուրս գտնվող Նախիջեւանին։

Բնական է, որ Բաքուն ճանապարհներ է փնտրելու Հայաստանի հնարավոր պահանջը կանխելու համար։ Ամենաբնականը ինքնավարության լուծարումն է ինչպես Արցախի դեպքում։ Հետնիկոլական շրջանում այդ դեպքում էապես բարդանալու է Հայաստանի պահանջը, մանավանդ լուծարումից հետո թուրքական զորաբանակը «սուվերեն դարձած տարածք» հրավիրելու դեպքում։

Թեմայի շուրջ առավել հանգամանալից՝ առաջիկայում

Սկզբնաղբյուր