2020-ի այս օրը Շուշիի մատույցներում 39 ոստիկան անմահացավ․ Անուններ․ Վիդեո

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

2020 թվականի նոյեմբերի 7-ին Շուշիի մատույցներում անմահացավ ոստիկանության զորքերի 39 ծառայող՝ մինչև վերջին փամփուշտը կռվելով հանուն հայրենիքի, հանուն մեր Արցախի ու Շուշիի։

Տարելիցի կապակցությամբ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանն այցելել է ոստիկանության զորքերի զորամասերից մեկը։

Արցախյան 44-օրյա պատերազմին ոստիկանության զորքերը պաշտպանական մարտերի են մասնակցել Քարվաճառում, Հաթերքում, Ջրականում և Լիսագորում:

Նոյեմբերի 4-ից ոստիկանության զորքերի ծառայողները մասնակցել են Քարինտակի պաշտպանությանը։ Թշնամին մեծ ուժերով առաջ էր գալիս, բայց ոստիկաններն անզիջում էին։ Նոյեմբերի 5-ին զորախումբն ընկավ շրջափակման մեջ։ Ոստիկանության զորքերն առաջին զոհը տվեցին նոյեմբերի 5-ին։ Զոհվեց գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյանը. նրա նռնականետի հարվածներից թշնամին կրում էր ինչպես մարդկային, այնպես էլ տեխնիկայի լուրջ կորուստներ։

Մարտերը ժամ առ ժամ թեժանում էին։ Ոստիկանության զորքերի ծառայողները կռվում էին՝ և՛ թշնամուն թույլ չտալով մտնել Շուշի, և՛ շրջափակումից դուրս գալու համար։ Նոյեմբերի 5-ի թեժ մարտերում Շուշի տանող ճանապարհին զոհվեցին ոստիկանության զորքերի ծառայողներ Սերգեյ Շաքրիկյանը, Վիգեն Միրզոյանը և Սամվել Մելքոնյանը։

Թշնամին մեծացնում էր ճնշումը, շրջափակման օղակը սեղմվում էր։

Նոյեմբերի 7-ին տեղի ունեցավ ամենաթեժ ու ահեղ մարտը։ Այդ օրը Շուշիի մատույցներում զոհվեցին ոստիկանության զորքերի զորամասի հրամանատար Արմեն Վարդանյանն ու ծառայողներ։ Նրանք մարտնչեցին մինչև վերջին շունչն ու վերջին փամփուշտը։ Արեցին հնարավորն ու անհնարինը։ Եվ փառքով գրեցին իրենց անունները հանուն հայրենիքի ընկած հայորդիների շարքերում։

Շուշիում զոհված ոստիկանները՝ անուն առ անուն։

Գնդի հրամանատար, գնդապետ Արմեն Վարդանյան,

գնդի հրամանատարի տեղակալ, գնդապետ Արտյոմ Միրզոյան,

գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Արման Հակոբյան,

վաշտի հրամանատար, ավագ լեյտենանտ Էդգար Գասպարյան,

դասակի հրամանատար լեյտենանտ Անդրանիկ Մարդոյան,

ավագներ Վահագն Հաջաթյան, Վիգեն Միրզոյան, ավագ սերժանտ Խաչատուր Աղաջանյան,

սերժանտներ Էդգար Սարգսյան, Գոռ Սարիբեկյան, Սուրեն Գաբրիելյան,

կրտսեր սերժանտներ Եղիշե Մարգարյան, Գևորգ Թորոսյան, Արթուր Սահակյան, Հայկ Գևորգյան, Սերգեյ Շաքրիկյան, Բենիկ Լալայան, շարքայիններ Հարություն Ասրյան, Արթուր Աղաջանյան, Վարդան Միրզախանյան, Արտյոմ Բալայան, Մանուկ Իսախանյան, Սամսոն Ղազարյան, Էդվարդ Հակոբյան, Մհեր Մարտիրոսյան, Նորայր Սարգսյան, Լյովա Գալստյան, Մեսրոպ Նազարյան, Աղվան Խալաթյան, Դավիթ Հարոյան, Արտյոմ Ալոյան, Իշխան Վարդանյան, Վարդան Մնացականյան,

եղբայրներ՝ շարքային Գևորգ Գևորգյան և կրտսեր սերժանտ Կարեն Գևորգյան,

եղբայրներ՝ շարքային Սամվել և ավագ սերժանտ Տիգրան Մելքոնյաններ,

եղբայրներ՝ կրտսեր սերժանտներ Կարապետ և Գևորգ Մելքոնյաններ,

եղբայրներ՝ շարքայիններ Ժորա և Արամ Արզումանյաններ,

եղբայրներ՝ շարքայիններ Լևոն և Արմեն Անթանյաններ։