Հայաստանում ցմահ դատապարտյալների կարիքները հոգալու համար օրական մոտ 12 հազար դրամ գումար է հատկացվում

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2019 թվականի հունվարի 29-ի դրությամբ պատիժ է կրում 91 ցմահ ազատազրկման դատապարտված անձ

Հայաստանի Հանրապետությունում 91 ցմահ դատապարտյալների անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար օրական ծախսվում է 11601 ՀՀ դրամ: «Արմենպրես»-ի հետ զրույցում՝ ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ, արդարադատության գնդապետ Մանուկ Միքայելյանն ասաց, թե քանի ցմահ դատապարտյալ կա, քանիսն են ազատ արձակվել ու ինչ պայմաններում և այլ հարցերի շուրջ:

-Պարոն Միքայելյան, քանի՞ ցմահ բանտարկյալ կա Հայաստանի Հանրապետությունում:

-ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում 2019 թվականի հունվարի 29-ի դրությամբ պատիժ է կրում 91 ցմահ ազատազրկման դատապարտված անձ:

-ՀՀ Քր.Օր.-ի 99-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերի համաձայն մինչև 2003 թվականը մահապատիժ է սահմանված եղել: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի 2003 թվականի հրամանագրով՝ ի թիվս 41 մահապատժի դատապարտվածների, պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկման: Այդ օրվանից ի վեր, ընդհանուր առմամբ քանի ցմահ դատապարտյալ է ազատ արձակվել (արդարացվել, համաներմամբ կամ ներման հանձնաժողովի որոշմամբ): Նման նախադեպ եղե՞լ է:

-2003 թվականից առ այսօր քրեակատարողական հիմնարկներից ազատվել է 6 ցմահ ազատազրկման դատապարտված անձ: Նրանցից  2-ը՝ պատժի հետագա կրմանը խոչընդոտող ծանր հիվանդության պատճառով, 1-ը՝ պայմանական վաղաժամկետ, 3-ի նկատմամբ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշմամբ կայացված դատավճիռը բեկանվել է, գործը ուղարկվել նոր նախաքննության և ընտրված խափանման միջոց կալանավորումը վերացվել է:

-Մինչ այն պահը, երբ մահապատժի դատապարտվածների պատիժը փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ, Հայաստանում մահապատժի ենթարկելու դեպքեր գրանցվե՞լ են:

-ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում՝ Հայաստանի Հանրապետությունում մահապտժի իրականացման վերաբերյալ տեղեկատվություն առկա չէ:

-Օրական կամ տարեկան որքա՞ն գումար է ծախսվում ցմահ դատապարտյալների անհրաժեշտ պայմաններն ապահովելու համար:

- ՀՀ քրեակատարողական հիմնարկներում պատիժը կրող ցմահ ազատազրկման դատապարտված անձանց պահպանման նպատակով օրական հատկացվում է 11601 ՀՀ դրամ:

Նյութի աղբյուր՝ armenpress.am