Կարծում եմ, մեզ կհաջողվի չդառնալ ՀՀԿ-ի նման. Փաշինյան

Կառավարությունում առնվազն երկու նախարար կա, եթե ոչ ավելի, որոնք նախորդ կառավարությունում փոխնախարարներ են եղել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ РБК  հեռուստաալիքին տված հարցազրույցում պատասխանելով, այն հարցին՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ ձայների 70 տոկոսի ստացման փաստը արդյոք իր գլխավորած կուսակցությունն իրեն չի հիշեցնում Հանրապետական կուսակցությանը և ինչ է նա ձեռնարկում, որպեսզի իր կոուսակցությունը ՀՀԿ-ի չվերածվի:

«Կարծում եմ, մեզ կհաջողվի չդառնալ այդպիսին: Դա մեզ համար ամենակարևոր մարտահրավերն է՝ չդառնալ այնպիսին, ում դեմ մենք պայքարել ենք»,- ասել է Փաշինյանը:

Մեկնաբանությանն ի պատասխան, որ տարածված լուրերի համաձայն, Հայաստանում պաշտոններից հեռացնում են ՀՀԿ-ի բոլոր կողմնակիցներին, Փաշինյանը նշել է, որ Հայաստանի կառավարությունում կա նախարար, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր Սերժ Սարգսյանի կառավարությունում:

«Կառավարությունում առնվազն երկու նախարար կա, եթե ոչ ավելի, որոնք նախորդ կառավարությունում փոխնախարարներ են եղել: Պետական ապարատը 90 տոկոսով նույնն է մնացել, մասնավորապես Ոստիկանությունը, հատուկ ծառայությունները: Կադրային մեծ փոփոխություններ չեն եղել: Եվ շատերը մեզ դրա համար քննադատում են»: