«Մենք այս երկրի քաղաքացին ենք, բայց պարզվում է՝ գերի ենք ընկել սրանց ձեռքը». բողոքի ակցիա

Բագրատաշենի մաքսային կետ տանող ճանապարհը կրկին փակվել է
բագ

 

Բագրատաշենի մաքսակետում կրկին լարված իրավիճակ է. Թուրքիայից ապրանք ներկրողները փակել են ճանապարհը՝ պահանջելով անհապաղ լուծում տալ իրենց խնդրին: Առևտրով զբաղվողները հատկապես դժգոհում են իրենց նկատմամբ դրսևորվող վերաբերմունքից ու հարցն անտեսելու քաղաքականությունից: Նրանք, մասնավորապես նշում են.

«Մենք այս երկրի քաղաքացին ենք, բայց պարզվում է՝ գերի ենք ընկել սրանց ձեռքը, անձնագիրը մաքսակետում վերցնում են՝ ասում՝ սահմանից դուրս չեք գալու: Ասում են՝ պետք է մաքսատուրքը մուծեք, 4 եվրոյով ապրանքը մաքսազերծեք, նախկինում այսպիսի պահանջներ մեզ չէին դրվում, հանգիստ մեր գործն անում էինք, ի՞նչ պետք է անենք՝ չգիտենք»,-armeniadaily.am-ին հայտնեցին հարևան Թուրքիայից ապրանքների ներկրմամբ զբաղվող մեր քաղաքացիները:

«Մաքսայինն ասում ա՝ ձեր խոսքն ինձ համար հո եղած, հո չէ, բայց ինչքա՞ն կարող ենք ճանապարհ փակելով դիմանալ. աշխատանք չունենք, չեն թողնում աշխատենք, ո՞նց ընտանիք պահենք, ուսանող ունենք, բանակում ծառայող ուենք, հիվանդ ենք պահում: Թուրքն ո՞վ ա, թուրքն ա մեզ համար վրացուն բարեխոսում, ասում ա՝ մեղք են, հաց չունեն ուտելու՝ ուղարկեք՝ թող գնան: Մեզ հետ կանայք էլ կան, քանի՞ օր ա՝ էս փողոցներում տանջվում են»:

Խնդիրը հունվարի 1-ից առանց մաքսատուրքերի ու հարկերի վճարման ներմուծվող ապրանքների արժեքային չափի կրճատումն է, այսուհետ կարելի է առանց մաքսատուրքի ներկրել նախկինի համեմատ երեք անգամ պակաս արժեքով և երկու անգամ պակաս կշռով ապրանքներ, ինչից էլ դժգոհում են առևտրականները:

Հիշեցնենք, որ այս փոփոխությունները կառավարության նախաձեռնությունը չեն, դրանք նախատեսված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի` 2017թ. դեկտեմբերի 20-ի «Անձնական օգտագործման ապրանքների հետ կապված առանձին հարցերի վերաբերյալ» թիվ 107 որոշման մեջ ԵՏՀ 2018թ. նոյեմբերի 1-ի թիվ 91 որոշմամբ:

ՊԵԿ-ը պարզաբանել է, որ ֆիզիկական անձինք ԵԱՏՄ մաքսային տարածք կարող են ներմուծել անձնական օգտագործման ապրանք, որի արժեքը չի գերազանցում 500 եվրոյին համարժեք գումարը, իսկ քաշը` 25 կիլոգրամը: Չափաքանակները գերազանցելու դեպքում կիրառվելու է մաքսատուրքերի և հարկերի միասնական դրույքաչափ, այսինքն` ապրանքների արժեքի նկատմամբ 30%-ի չափով, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար 4 եվրոյին համարժեք գումար՝ նշված արժեքը կամ կշիռը գերազանցող մասի համար: