Փաշինյանն իր հետ քայլողներին տեղավորել է կա՛մ խորհրդարանում, կա՛մ ավագանիում. Տիգրան Քոչարյան

Մի կողմից լավ է, որ այդ մարդիկ հայտնվել են խորհրդարանում, այլ ոչ թե՝ գործադիրում

Մեդիա փորձագետ Տիգրան Քոչարյանի կարծիքով՝ Ադրբեջանում տեղի են ունենում որոշակի գործընթացներ, որոնց վրա պետք է մեծ ուշադրություն դարձնել։

«Ավելին, այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանում, Հայաստանում որոշ մարդիկ չգիտես ինչու մեծ ոգևորությամբ են ընդունում, ինչը շատ սխալ է։ Գուցե շատերը չգիտեն, բայց Ադրբեջանում ընդդիմությունն ավելի հայատյաց է և ավելի կոշտ վերաբերմունք ունի Արցախի հարցի լուծման հետ կապված, քան ներկայիս իշխանություններն են։ Այդ պատճառով էլ պետք է ուշադիր լինել և շատ չոգևորվել»,- ասաց նա:

Խոսելով ՀՀ խորհրդարանի ձևավորման մասին, Տիգրան Քոչարյանը նշեց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլոր այն մարդկանց, որոնք իր հետ քայլել են տեղավորել է կա՛մ խորհրդարանում, կա՛մ ավագանիում, և ինչ-որ ձևով փորձել է վարձահատույց լինել նրանց կատարած գործի համար։

«Իմ կարծիքով՝ խորհրդարանում «Իմ քայլը» դաշինքից կա 10-15 պրոֆեսիոնալ մարդ, իսկ մնացածը քայլած ընկեր, բարեկամ, խնամի ու ծանոթ են՝ ինչի դեմ ժամանակին պայքարում էր ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը»,-ասաց փորձագետը:

Վերջինս նշեց, որ մի կողմից լավ է, որ այդ մարդիկ հայտնվել են խորհրդարանում, այլ ոչ թե՝ գործադիրում։

Անդրադառնալով խորհրդարանի ընդդիմությանը՝ Տիգրան Քոչարյանը նշեց, որ խորհրդարանում ընդդիմադիր ուժեր կան, բայց նրանք ընդդիմություն են միմյանց, այդ ուժերն են «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը և ԲՀԿ-ն, որոնք Նիկոլ Փաշինյանի ընդդիմադիրները չեն։