Երկու և ավելի ավտոմեքենա ներկրելու դեպքում կլինեն փոփոխություններ. ՊԵԿ

Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 67 հազար 255

Նախորդ տարի Հայաստան է ներմուծվել 67 հազար 255, 2017 թվականին՝  39 հազար 282, իսկ 2016-ին՝ 16 հազար 887 ավտոմեքենա։ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանի խոսքով՝ հիմնականում ավտոմեքենաները ներմուծվել են Վրաստանից, ԱՄՆ-ից և Ճապոնիայից, որոնց ծագման երկրներն են Գերմանիան, Ճապոնիան, ԱՄՆ-ն և Կորեան։

Դավիթ Անանյանն անդրադարձավ երկու և ավելի ավտոմեքենա ներկրողների դժգոհություններին, որոնք կապված էին հարկային դրույքաչափերի բարձր լինելու հետ:

«Ավտոմեքենաների ներկրմամբ զբաղվող մեր հայրենակիցները բողոքում էին, մեզ հորդորում էին, որ մենք օրենսդրությունը փոխենք: Մենք խոստացանք քննարկում անցնել: Ստացված առաջարկի հիման վրա ՊԵԿ-ի տեսակետը ներկայացրեցինք կառավարությանը, որտեղ քննարկումների արդյունքում վերջնականացվեց երկու տարբերակ: Դրանցից որևէ մեկի ընդունման պարագայում, ըստ էության, լուծվում է մեր հայրենակիցների բարձրացված խնդիրը: Չեմ բարձրաձայնի այդ տարբերակները, որովհետև դրանք դեռ քննարկման փուլում են: Մոտ օրերս բարեփոխումների շրջանակում մենք այդ տարբերակը ներմուծելու ենք փոփոխությունների փաթեթում: Այն գործելու է հետընթաց, այսինքն՝ 2018 թվականի հուլիսի 1-ից»,-ասաց Դավիթ Անանյանը: