Նայրոբիում փրկարարները հարձակման ենթարկված հյուրանոցից 174 մարդու են դուրս բերել

Համարվում է, որ ահաբեկիչները դեռ չեն չեզոքացվել

Քենիայի անվտանգության ուժերը Նայրոբիում հարձակման ենթարկված Dusit հյուրանոցային համալիրից գիշերվա ընթացքում 174 մարդու են դուրս բերել, հայտնում է Citizen T-ն:

Նշվում է, որ այս պահին համալիրի տարածքում գրեթե բոլոր շենքերում անվտանգությունն ապահովված է, տարածքը, շրջակայքը եւ բոլոր մուտքերը շրջափակված են: Հատուկ նշանակության ջոկատն ավելի վաղ հարձակվողներին գրոհելու փորձ էր կատարել, որոնք զրահաբաճկոններ են կրում եւ թաքնվել են շենքերից մեկի մարզադահլիճում:

Գիշերվա ընթացքում պայթյուններ են հնչել եւ երբեմն-երբեմն կրակոցներ  լսվել: Համարվում է, որ ահաբեկիչները դեռ չեն չեզոքացվել:

Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է չմոտենալ Dusit-ին, իսկ  մայրաքաղաքի շրջաններից մեկում իշխանությունները արյան ընդունման կետ են բացել, որտեղ նաեւ հարձակման զոհերի համար հուշամահամալիր է բացվել: Այս պահին հայտնի է 15 զոհի մասին: 30 մարդ տեղափոխվել է Նայրոբիի տարբեր հիվանդանոցներ, նրանց վնասվածքների բարդության մասին չի հաղորդվում:

Ավելի վաղ Reuters-ը տեղեկացրել էր, որ կենտրոնի շենքերում մի քանի տուժած արգելափակված է:

Երեքշաբթի ցերեկը Նայրոբիի Dusit համալիրում մի քանի պայթյուն էր որոտացել եւ մի քանի մարդ անկանոն սկսել էր կրակել մարդկանց վրա:

Դրանից հետո մահապարտ ահաբեկիչը շենքերից մեկի մուտքի մոտ գործարկել էր պայթուցիկ սարքը: Երկրի ՆԳ նախարարն ավելի ուշ հայտնել էր, որ ոստիկանությունը վերահսկում է համալրի բոլոր շենքերը:

Քենիայի The standard լրատվական պորտալը, վկայակոչելով ականատեսներին, հայտնել էր, որ ահաբեկիչները ուսումնասիրում էին Dusit համալրիրը եւ երկու շաբաթ նախապատրաստում էին հարձակումը: Reuters-ի տվյալներով՝ հարձակման պատասխանատվությունը ստանձնել է «Աշ-Շաբաբ» արմատական խմբավորումը: