«Օպտիմալացում» օպերացիան՝ խաղի մեջ

 Որտե՞ղ է թաքնված արդարությունը

 

«Հենց դուք մեզ վստահության քվե տվեցիք` նախարարությունների թիվը 2019-ին կկրճատենք». վարչապետ Փաշինյանի հավաստիացումն է, որ նա արել է դեռևս Վանաձորում՝ «Իմ քայլի» քարոզարշավի ժամանակ: «Հայաստանում 17 նախարարությունը չափից շատ է՝ շատ-շատ է». կառավարության ղեկավարի այս համոզմունքը սկսել է խոսքից գործի վերածվել. օրենքի նախագիծը, որով նախատեսվում է կառավարության 17 նախարարությունների թիվը կրճատել՝ հասցնելով 12-ի, ընդգրկվել է ԱԺ արտահերթ նիստի օրակարգում:

Ինչ վերաբերում է սփյուռքի նախարարությանն, ապա դադարեցվում է վերջինիս աշխատանքը, ինչպես և վաղօրոք հայտարարվել էր: Այդ առիթով դժգոհության մեծ ալիք էր բարձրացել՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, մասնավորապես հրապարակային մտահոգություն էին արտահայտել մի շարք կառույցներ, իսկ Արամ Ա կաթողիկոսը նամակով դիմել էր վարչապետին։

Ժամանակին սփյուռքի հարցերով զբաղվող կառույցը ստեղծվել էր արտերկրում մեր հայրենակիցների ներուժն արդյունավետ ուղղորդելու և հայապահպան ու պետականամետ որոշումների կայացման համար համակարգող հարթակ ձևավորելու նկատառումներից ելնելով: Այլ հարց է, թե որքանով էր հաջողում կենսական նշանակության խնդիրները կարգավորելու հարցում նախարարությունը, բայց վատ կառավարումից հրաժարվել՝ նախապատվությունը տալով կառույցի ոչնչացմանը, թերևս լավագույն ուղին չէ:

Հատկապես հաշվի առնելով, որ Ադրբեջանը, չունենալով իրական սփյուռք և հենվելով իրանական ադրբեջանցիների սակավ ռեսուրսների վրա, առավելագույն ու, որ ամենակարևորն է՝ համակարգված ջանքեր է ուղղում սփյուռքի դերակատարումը մեծացնելու և քարոզչական ու հակաքարոզչական նպատակներով այն որպես ռեսուրս միջազգային ասպարեզում կիրառելու ուղղությամբ:

Իսկ ի՞նչ ենք անում մենք՝ այդ ամենին պատշաճ հակադարձելու համար. վերացնում ենք ոչ արդյունավետ կառույցը՝ այն իրապես արդյունավետ դարձնելու ջանքեր կիրառելու փոխարե՞ն: Եվ ու՞ր է մեզ տանելու այսպիսի մարտավարությունը:

Փաշինյանը պնդում է, որ օպտիմալացման գնում են ոչ թե փողի խնայողության պատճառով, այլ պետական կառավարման մարմինների արդյունավետությունը բարձրացնելու, դանդաղաշարժությունը թվայնացման միջոցով վերացնելու և նոր որակի կառավարման համակարգ ձևավորելու նպատակով: Նա նաև հավաստիացնում է, որ փակ աչքերով չեն շարժվելու՝ ֆանատիկորեն բոլորին կրճատելով, այլ հավասարակշռված մոտեցում են ցուցաբերելու, որ նոր խնդիրներ չառաջացնեն: Սա, անշուշտ, չափազանց կարևոր գիտակցում է, քանի որ հակառակ մոտեցումը կարող է տխուր հետևանքների հանգեցնել՝ բոլոր առումներով: Սկսել օպտիմալացման գործընթաց՝ առանց հաշվի առնելու բոլոր նրբերանգները, անթույլատրելի շռայլություն կլինի մեզ նման սոցիալական ու տնտեսական խնդիրներով ծանրաբեռնված հասարակության համար:

Հայտնի է, որ պետական ուռճացված ապարատը բեռնաթափելու նպատակ ունեցել են նաև նախորդ կառավարությունները: Հովիկ Աբրահամյանի, ապա նաև Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք մի քանի նմանատիպ մոդելներ քննարկվել են։ Սակայն, հաշվի առնելով  խնդրի սոցիալական կողմը, որն իրականում ամենակարևոր հարցերից է, նախկին կառավարությունները մտավախություն են ունեցել՝ ձեռնպահ մնալով վերջնական արմատական քայլերից:

Իսկ հեղափոխության առաջնորդի բարձր վարկանիշն ու լեգիտիմությունը, նաև ընտրություններում հանրային վստահության տպավորիչ ցուցանիշը Նիկոլ Փաշինյանին քարտ բլանշ են տալիս՝ այս ցավոտ բարեփոխումները «դուխով» իրականացնելու հարցում:

Անհրաժեշտությունը բնավ չվիճարկելով, այնուամենայնիվ, որոշակի մտավախություններ կան, որոնց բարձրաձայնումն ավելորդ չէ՝ հատկապես հաշվի առնելով, որ հանրային մեծ հնչեղություն ունեցող ռեֆորմը հրապարակային քննարկում այդպես էլ չի ունեցել, այսինքն՝ կրկին նահանջ ենք արձանագրել հրապարակում տրված՝ ամեն քայլի համար հանրությանը հաշվետու լինելու խոստումներից: Հայտնի է, որ անգամ օպտիմալացվող չինովնիկները հստակ չեն պատկերացնում՝ ի՞նչ չափորոշիչներով է կատարվելու կրճատումը, ինչպե՞ս են հստակ բնորոշվելու յուրաքանչյուր պետծառայողի մասնագիտական ունակությունները:

Հատկապես, որ տեղեկություններ են շրջանառվում, որ մոտ 60 հազար մարդ կդառնա գործազուրկ, նաև ակնարկներ կան, որ իրականում աշխատանքից կազատվեն շատ ավելի մեծ թվով մարդիկ՝ նոր ձեւավորվող նախարարությունները համալրելիս տեղը զիջելով իշխանական համակարգի համար յուրային համարվողներին, մի բան, որն առանց օպտիմալացման դժվար է անել: Իսկ կրճատվածների հաշվին առաջացած խնայողությունների մի մասը կուղղվի նոր ընդունվածների աշխատավարձերի ավելացմանը: Փաստորեն կարելի կլինի հայտարարել, որ Փաշինյանն իր խոստումներից մեկը «կատարել է»՝ աշխատավարձերը բարձրացել են:

Մինչդեռ օպտիմալացումը միայն կադրային կրճատումներով պայմանավորելը ելք չէ. ոչ պակաս կարևոր է բյուրոկրատական քաշքշուկներից ու ավելորդ գործառույթներից պետական ապարատը թոթափելու գործընթացը:

Օպտիմալացման մեծ մտավախություններով ու դժվարությամբ են գնում անգամ զարգացած տնտեսությամբ երկրները. ֆրանսիական կառավարությունն, օրինակ, այս տարի նախատեսում է կրճատել մոտ 4.5 հազար պետծառայողի, անցած տարի դրանց թիվն ընդամենը 1 600 էր, իսկ ահա Մակրոնը հայտարարել է 5 տարում 50 000 ծառայողների կրճատման նպատակադրության մասին, սակայն մտավախություններ ունի, որ այդ թիվը չի կարողանա ապահովել, եթե երկրում սոցիալական դժգոհության ալիք բարձրանա:

Վարչապետ Էդուար Ֆիլիպը Le Journal du Dimanche-ին տված հարցազրույցում հայտնել է, որ դա պետության գործողությունների տրանսֆորմացիաների հետևանքն է, որոնք անխուսափելի են դարձնում կրճատումները ժամանակի ընթացքում. «Արդեն հիմա կարող եմ հայտարարել, որ 2020-ին այդ թիվը կհասնի 10 հազար մարդու»,-ընդգծել է Ֆիլիպը:

Իսկ Հայաստանում նոր խորհրդարանն աշխատանքը սկսել է արդեն 132 պատգամավորով՝ նախորդ 105-ի փոխարեն: Պարզ հաշվարկը փաստում է, որ լրացուցիչ 27 պատգամավորի և նրանց օգնականների՝ միայն աշխատավարձի սպասարկումը պետական բյուջեի վրա տպավորիչ բեռ է ավելացնում՝ տարեկան շուրջ 215 մլն դրամ: 5 տարվա կտրվածքով նրանց համար բյուջեն կվճարի արդեն 1 մլրդ 72 մլն դրամ, իսկ նրանց օգնականների համար՝շուրջ 322 մլն դրամ: Իսկ ինչքա՞ն ենք խնայելու նախարարությունների կրճատման արդյունքում:

Նպատակայի՞ն են քայլերը, իրո՞ք օպտիմալացմանն են միտված, թե՞ մենք գրչի մի հարվածով բազմաթիվ մարդկանց զրկում ենք օրվա հացից՝ նորելուկներին իշխանության բարիքներով ու հարմարավետությամբ ապահովելու համար: Որտե՞ղ է թաքնված արդարությունը:

Պետական կառավարման համակարգի օպտիմալացումը չի կարող և չպետք է ինքնանպատակ լինի: Օպտիմալացման գործընթացը լինելու է ցավոտ և ունենալու է սոցիալական վատ հետևանքներ, քանի որ փոքրիկ Հայաստանի համար մեծ թվով՝ 60 000 աշխատողներ կորցնելու են աշխատանքը, բազմաթիվ ընտանիքներ բռնելու են արտագաղթի ճանապարհը:

Մնում է հասկանալ՝ հաշվարկե՞լ ենք պետության պոտենցիալը և սոցիալական ռիսկերը, մտածե՞լ ենք աշխատանքը կորցնող մեր քաղաքացիների համար թեկուզ վերապրոֆիլավորման ու այլ ենթակառուցվածքներում աշխատատեղերի ստեղծման ուղիով «նոր Հայաստանում» այլընտրանք ձևավորելու ուղղությամբ, թե՞ նրանց վերապահել ենք՝ ինքնուրույն գլխի ճարը տեսնելու հեռանկարը. պարզ կլինի «օպտիմալացում» օպերացիայի հանգուցալուծումից հետո: