Ռեստորանային ծառայության գները անխուսափելիորեն կբարձրանան. Աշոտ Բարսեղյան

Ռեստորանատերերը բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից
1

2

Հայաստանի ռեստորանների միության անդամները վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ընդհանուր հայտարարի չեն եկել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ռեստորանների միության նախագահ Աշոտ Բարսեղյանը:

«Երկար քննարկում է եղել, եւ միակարծիք ենք եղել մի հարցի շուրջ, որ 2018-ին ուժի մեջ մտած դրույքաչափը պետք է պահել, բայց հետագա բարձրացման եւ ժամկետի շուրջ դեռ համաձայնություն չկա, չգիտենք հետո ինչ կլինի։ Ռեստորանների ծառայության գները կբարձրանան անխուսափելիորեն, եթե որոշեն, որ պետք է տանել նոր հարկման ուղիով։ Պետք է դա անել երկար ժամանակահատվածում, որպեսզի բոլորը հասցնեն ադապտացվել, եւ գների բարձարացումը խնդիր չի լինի։ Մեր գնահատմամբ կառավարությունը շոկային փոփոխություն էր կատարել, քանի որ չէր կարելի միանգամից այդքան բարձրացնել հարկերը, ծանրացնել բեռը, դա պետք էր աստիճանաբար անել»,– ասաց նա:

Աշոտ Բարսեղանը նշեց, որ 10 օրվա ընթացքում նախատեսվում է կրկին հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, եւ իրենք հույս ունեն որոշակի համաձայնության գալ:

Նշենք, որ վերջին շրջանում ռեստորանատերերը բողոքում են շրջանառության հարկի բարձրացումից։ Հայաստանում 2018թ-ի հուլիսի 1-ից արտոնագրային վճարը (հարկ քառակուսի մետրից) փոխարինել են շրջանառության 6-տոկոսանոց հարկով։ Այս տարվա հունվարի մեկից ոլորտի համար շրջանառության հարկը նախկին 6 տոկոսի փոխարեն դարձել է 8 տոկոս: Նախատեսվում է, որ 2020 թվականին ևս 2 տոկոսով բարձրանալու է՝ հասնելով 10 տոկոսի: Հարկման համակարգի դեմ դժգոհում է սպասարկման ոլորտի մոտ 200 ընկերություն, պահանջում են, որպեսզի շրջանառության հարկի շեմը մնա անփոփոխ՝ 6 տոկոս: