ԱՄՆ-ում Դանաիդա մոնարխ տեսակի թիթեռների քանակը կտրուկ նվազել է

Սպառնալիք է ստեղծվել նրանց հետագա գոյության համար

ԱՄՆ-ի Քալիֆորնիա նահանգում  բնապահպանները մտահոգված են Դանաիդա մոնարխ թիթեռների պոպուլյացիայի կրճատմամբ: 2017 թվականից նրանց քանակը 86 տոկոսով կրճատվել է, գրում  է Daily Mail-ը:

Հասարակական բնապահպանական կազմակերպության վերջին հաշվարկներով՝ Քալիֆորնիայում 30 հազարից քիչ թիթեռ է գրանցվել, ինչը 86 տոկոսով քիչ է, քան 2017-ին: Համեմատության համար՝ 1981 թվականին պոպուլյացիայում ավելի քան մեկ միլիոն Դանաիդա մոնարխ թիթեռ կար:

Բնապահպանները հաշվարկներ են կատարում  թիթեռների քանակին հետեւելու համար: Վերջին զեկույցում նշվում է, որ հետաձգված միգրացիայի մասին որեւէ ապացույց չկա: Երկրի մյուս մասերում մոնարխները նույնպես չեն հայտնաբերվել: Վաշինգթոն նահանգի համալսարանում 2017 թ.-ին անցկացված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ առաջիկա տասնամյակների ընթացքում տեսակն ամբողջությամբ կվերանա, եթե մարդկությունը ոչինչ չանի այն պահպանելու համար:

Դանաիդա մոնարխը Հյուսիսային Ամերիկայի ամենահայտնի թիթեռներից մեկն է, որը գրավում է զբոսաշրջիկներին, ովքեր ցանկանում են լուսանկարել ԱՄՆ կենդանական աշխարհի հետաքրքիր ներկայացուցիչներին: Նրան հեշտությամբ կարելի է  ճանաչել  թեւերին հատուկ նախշով` նարնջագույն ֆոնի վրա սեւ գծերով: