Մինչև 2030թ. Հնդկաստանը առաջ կանցնի ԱՄՆ-ից՝ դառնալով երկրորդ ամենախոշոր տնտեսությունն աշխարհում

Հնդկաստանը կզիջի միայն Չինաստանին

Ֆինանսական ծառայություններ մատուցող Standard Chartered բրիտանական ընկերությունը հրապարակել է մինչև 2030թ. աշխարհի ամենախոշոր տնտեսությունով երկրների թոփ տասնյակը: Ըստ վարկանշային աղյուսակի՝ ԱՄՆ-ն իր տեղը կզիջի Հնդկաստանին՝ դառնալով աշխարհում 3-րդ ամենախոշոր տնտեսությունը:

Տնտեսության ծավալներով աշխարհում առաջինը կլինի Չինաստանը: Չորրորդ տեղում Ինդոնեզիան կլինի, իսկ 5-րդում՝ Թուրքիան: Լատինամերիկյան երկրներից տասնյակում ներկայացված է միայն Բրազիլիան՝ 6-րդ հորիզոնական, իսկ Միջին Արևելքի երկրներից՝ Եգիպտոսը, որը կհայտնվի 7-րդ տեղում:

Երկրի տնտեսության ծավալը որոշվում է համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշով, որը երկրի տնտեսական համակարգում մեկ տարվա ընթացքում արտադրված վերջնական ապրանքների և ծառայությունների շուկայական արժեքն է արտացոլում։