Գերմանիան կոչ է անում զերծ մնալ ռազմական գործողություններից Սիրիայում

Զայբերտը շեշտել է, որ սիրիական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ

Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Զայբերտը կոչ է արել Թուրքիային ռազմական գործողություն չձեռնարկել Սիրիայի հյուսիսում՝ նշելով, որ դա է՛լ ավելի կվատթարացնի տարածքում ապրող մարդկանց վիճակը, գրում է գերմանական Deutsche Welle հեռուստառադիոընկերության թուրքական ծառայությունը: Զայբերտը շեշտել է, որ սիրիական հակամարտությունը չի կարող ռազմական լուծում ունենալ, և դա վերաբերում է երկրի ամբողջ տարածքին: Գերմանիայի կառավարության խոսնակը կոչ է արել կողմերին պատասխանատվություն դրսևորել՝ խնդիրները լուծելով խաղաղ և բռնությունից հեռու ճանապարհով:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ թուրքական ԶՈւ-ն պատրաստվում է ներխուժել Մանբիջ և քուրդ զինյալների դեմ լայնածավալ գործողություն սկսել: Գրեթե նույն ժամանակահատվածում հայտնի դարձավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Սիրիայից ամերիկյան զորքը դուրս բերելու որոշման մասին: 
Քրդական ուժերը դիմեցին Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին՝ կոչ անելով պաշտպանել իրենց թուրքական ներխուժումից ու պահպանել երկրի տարածքային ամբողջականությունը: 
Օրերս հայտնի դարձավ, որ ռուսական ռազմական ոստիկանության ուժերը սկսել են հսկողություն իրականացնել Սիրիայի հյուսիսային Մանբիջ շրջանում, ուր պատրաստվում էր մտնել թուրքական ԶՈւ-ն: