Դավիթ Խաժակյանը դիմել է Հայկ Մարությանին

Նա խնդրել է քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը

Այսօր դիմել եմ քաղաքապետին՝ խնդրելով կատարել օրենքի պահանջը և քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում հրապարակել այս տարվա պարգևատրումների կարգադրությունը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Ավագանու 25.12.2018թ. նիստին այս խնդրի վերաբերյալ հարցադրում կատարելուցս հետո կարգադրության մի մասը հետին ամսաթվով հրապարակվեց, սակայն բաց թողնվեց ամենակարևորը՝ հավելվածը, որտեղ երևում է, թե աշխատակազմի որ աշխատակիցը որքան պարգևատրում է ստացել:

Ինչպես կարող եք տեսնել հրապարակված նկարներում նախկինում մշտապես հավելվածը հրապարակվում էր:

Սույնով կրկին դիմում եմ քաղաքապետին՝ խնդրելով 21.12.2018թ. համապատասխան կարգադրությունը պատշաճ կերպով հրապարակել, քանզի օրենքով նախատեսված մեկ շաբաթյա ժամկետն ավարտվում է»,-գրել է Դավիթ Խաժակյանը՝ կից ներկայացնելով լուսանկարներ: