Սուպերմարկետներում ու մոլերում հրաժարվում են ՀԴՄ կտրոն տալ. Արարատ Միրզոյան

Սա 1-2 դեպք չի, այլ զանգվածային բնույթ է կրում

Այսօր կառավարության նիստի ընթացքում առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ հայտնելով, որ վերջին 3-4 օրերի ընթացքում ինքը բազմաթիվ դիմումներ ու ահազանգեր է ստանում քաղաքացիներից, այն մասին, որ առեւտրի եւ ծառայությունների ոլորտում գործող տնտեսվարող սուբյեկտներն այս օրերին հրաժարվում են հսկիչ-դրամարկղային կտրոններ տրամադրել եւ անգամ գնորդի կողմից համառելու դեպքում շատ դժկամորեն են տրամադրում կտրոնը:

Ի պատասխան Դավիթ Անանյանն ասաց. «ՊԵԿ-ի կողմից վարչարարական ամբողջ գործիքակազմը կիրառվում է եւ մի փոքր էլ ավելի մեծ ծավալներով՝ պայմանավորված նախատոնական գնումների հետ: ՀԴՄ կիրառման կանոնների մշակույթ ձեւավորելու առումով մենք բավականին հեռու ենք գտնվում: ՊԵԿ-ի հսկողական գործառույթ իրականացնող պաշտոնյաների թիվը շուրջ 500 է, իսկ ՀԴՄ-ների թիվը շուրջ 70 հազար է: Հետեւաբար, մենք ինչքան էլ վարչարարություն իրականացնենք շուրջօրյա, խնդիրը կմնա: Բնականաբար, այստեղ մշակույթի ձեւավորման խնդիր մենք ունենք: Մենք նոր սերնդի ՀԴՄ-ների կիրառման արդյունքում, որը նախատեսվում է 2019-ի հունվարի 1-ից, ավելի մեծ հսկողական առումով ավելի մեծ գործիքակազմ կունենաք, որը հնարավորություն կտա օրինակ ՀԴՄ-ների պոստտերմինալի ֆունկիցյիա ակտիվացմամբ եւ քարտային եղանակով առեւտուր կատարելու արդյունքում մենք ավելի լավ արդյունքներ կունենանք»:

Արարատ Միրզոյանը նկատեց, որ խոսքը ինչ-որ խուլ անկյուններում գործող տնտեսվարողների մասին չէ, այլ խոսքը քաղաքի կենտրոնում շատ խոշոր առեւտրային սուպերմարկետների ու մոլերի մասին է:

 «Այդտեղ նախ հրաժարվում են քարտային վճարում ընդունելուց, հորդորում են վճարել կանխիկ, իսկ կանխիկի դեպքում էլ ոչ մի կերպ չեն ուզում տրամադրել ՀԴՄ կտրոնը: Սա 1-2 դեպք չի, այլ զանգվածային բնույթ է կրում»,-ասաց Միրզոյանը:

Դավիթ Անանյանը նշեց, որ շատ մեծ ծավալով ՀԴԿ կանոնների խախտման արձանագրություններ ունեն. «Այո, իրականությունն այդպիսին է, մենք աշխատում ենք եւ եթե նույնիսկ թերանում ենք, պատճառը նաեւ ռեսուրսների պակասն է»,-ասաց նա: