Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացվել է

Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Վահագն Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով և 309-րդ հոդվածի 2-րդ մասով

Հատուկ քննչական ծառայությունը լրացրել է «Մարտի 1-ի» գործով ապացույցները կեղծելու մեջ մեղադրվող քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի մեղադրանքը։

Այս մասին Tert.am-ի հարցին, թե ՀՔԾ-ն տեղյակ է, որ Գլխավոր դատախազությունը չի բողոքարկի Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքի որոշումը վերացնելու վերաբերյալ Վերաքննիչ դատարանի որոշումը, հայտնեցին ՀՔԾ-ից՝ նշելով, որ դա կարող է պայմանավորված լինել մեղադրանքի լրացմամբ, ինչի մասին տեղեկացվել է նաև հսկող դատախազը։

Հարցին, թե տեղյա՞կ են, որ Դատախազությունը չի բողոքարկելու կալանքից ազատելու վերաբերյալ որոշումը, ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանն ասաց, որ Դատախազության որոշումը չեն մեկնաբանում, սակայն կարծում են, որ դա կարող է պայմանավորված լինել նաև նրանով, որ այսօր քննիչի կողմից որոշում է կայացվել Վահագն Հարությունյանի մեղադրանքը լրացնելու մասին։

Հարցին, թե ինչ մեղադրանք է առաջադրվել, ՀՔԾ-ից հայտնեցին.

«Բացի ապացույցներ կեղծելու մեղադրանքից, Վահագն Հարությունյանին նաև մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 309-րդ հոդվածի 2-րդ մասով (բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելը: 

Այս մասին տեղեկացվել է նաև հսկող դատախազը։ Բացի այդ ՀՔԾ քննիչի կողմից Հարությունյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել առաջին ատյանի դատարանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Վերաքննիչ դատարանը բեկանել էր «Մարտի 1-ի» քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կողմից կիրառված կալանքի որոշումը: