Առնվազն 2 տարուց ավտոբուսներ կլինեն քաղաքի փողոցներում. Հայկ Մարության

100 տոկոսանոց սուտ են ասում և այդ ստի վրա ուզում են դիվիդենտներ հավաքել

«Կառուցողական քննարկման գիծն անցնում են այն ժամանակ, երբ դուրս են գալիս ելույթ ունենալու, 100 տոկոսանոց սուտ են ասում և այդ ստի վրա ուզում են դիվիդենտներ հավաքել»,- այս մասին Երևանի քաղաքապետարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանն՝ անդրադառնալով «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի հայտարարություններին:

«Սուտ ասվեց այն առումով, որ ես ասեցի, որ 2 տարի ձգձգվելու է, բայց բացարձակապես այդպիսի խոսակցություն չկա: Ասվել է, որ առնվազն 2 տարի է պետք ներդրման համար, սա ձգձգում չէ: Եթե այսօր մենք անգամ 1 մլրդ դոլար ունենք և ինչ-որ գործարանից 845 ավտոբուս պատվիրենք, 6 ամիս մեզանից կպահանջվի, որ այդ ավտոբուսներն արտադրվեն: Այսինքն՝ ես ասել, որ 2 տարի ժամանակ է պետք, որ նոր տրանսպորտային ցանցը ներդրվի, առնվազն 2 տարուց ավտոբուսներ կլինեն քաղաքի փողոցներում»,- հայտարարեց նա:

Ինչ վերաբերում է հարցին, որ ընդդիմադիր ավագանու անդամների ելույթների, հարցերի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամները տեղից ռեպլիկներ են անում, քաղաքապետը նշեց. «Յուրաքանչյուր այդպիսի դրսևորում ես դատապարտում եմ, լինի մեր խմբակցությունից, թե մնացած խմբակցություններից: Եթե նման դեպք նկատում եմ, կարգի եմ հրավիրում»: