Ինչպե՞ս կարելի էր Նոր տարվա նախօրեին 90 մարդու թողնել առանց աշխատանքի

Շնորհավորում են այսպիսի օրենքի նախագծով, որը բավականին անհաջող է, իսկ փոխարենը՝ ոչինչ չեն առաջարկում
ասաս

Կառավարության դիմաց, բացի Մշակույթի նախարարության աշխատակիցներից, բողոքի ակցիա էին իրականացնում Սփյուռքի նախարարության աշխատակիցները:

«Նոր օրենքի նախագծով նախատեսվում է դադարեցնել Սփյուռքի նախարարության գործունեությունը: Մեր աշխատակազմը համարում է սա սխալ քայլ: Հաշվի չեն առել սփյուռքի կարծիքը, որի պահանջով էլ ստեղծվել է այս նախարարությունը: Ինչպե՞ս կարելի է մեկ գրչի հարվածով թույլ տալ կառույցի դադարեցում: Սփյուռքի նախարարի պաշտոնակատարը մեզ հետ հանդիպման ժամանակ ասաց, որ ափսոսում է և ցավ է հայտնում, որ չկարողացավ պահել: Մյուս կողմին էլ անդրադառնամ, ինչպե՞ս կարելի էր Նոր տարվա նախօրեին 90 մարդու թողնել առանց աշխատանքի: Շնորհավորում են այսպիսի օրենքի նախագծով, որը բավականին անհաջող է, իսկ փոխարենը՝ ոչինչ չեն առաջարկում»,- լրագրողների հետ զրույցում ասաց Սփյուռքի նախարարության աշխատակիցներից Սիրվարդ Համբարյանը:

«Գոնե օրենքի սահմաններում տեղեկացնեին, որ լուծարվում է նախարարությունը: Այդ մասին իմանում ենք այսօր, իմանում ենք պատահական: Շատ ֆինանսական խնդիրներ կան, ու ոչ ոք չի պատրաստվում մեր ձեռքը բռնել ու աջակցել»,- ասաց աշխատակիցներից մեկը:

«Այս որոշումը հակասում է անգամ նոր կառավարության «Ուժեղ սփյուռք, ուժեղ Հայաստան» կոչին»,- նկատեց մյուս աշխատակիցը:

Նշենք, որ Սփյուռքի նախարարության աշխատակիցները նամակ փոխանցեցին վարչապետի պաշտոնակատարին ու հայտնեցին, որ կսպասեն պատասխանին մինչև երկուշաբթի:

Հիշեցնենք, որ կառավարության կառուցվածքի փոփոխությունների արդյունքում ՀՀ նախարարությունների թիվը 17-ից կհասնի 12-ի։ Փոփոխությունների համաձայն` լուծարվելու է Սփյուռքի նախարարությունը։ Տրանսպորտի, կապի ու տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը կդառնա կԿպի ու բարձր տեխնոլոգիաների նախարարություն։ Տնտեսական զարգացման ու ներդրումների և Գյուղատնտեսության նախարարությունները կմիավորվեն։