Մենք մեր բոլոր խոստումները կատարել ենք. Նիկոլ Փաշինյան

Առնվազն արտահերթ ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառությունների
Փաշինյան

Առնվազն արտահերթ ընտրությունների քվեարկության օրվա դրությամբ մենք կատարել ենք ժողովրդի առջև ստանձնած բոլոր պարտավորություններն առանց բացառությունների: Լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: 

Նա ներկայացրեց այն խոստումները, որոնք իրենք տվել են իշխանությունը ստանձնելուց հետո՝ նշելով, որ դրանք լիարժեք կատարել են. «Խոստացել էինք, որ Հայաստանի ժողովուրդը իր կամքը արտահայտելու դեպքում մենք կապահովենք Սերժ Սարգսյանի և նրա թիմի հեռացումը իշխանությունից՝ բացառապես խաղաղ ճանապարհով: Այդ պարտավորությունը լիարժեք կատարված է: Մենք խոստացել էինք, որ Հայաստանի ընտրությունների արդյունքների կեղծման պրակտիկան արմատախիլ կարվի, իշխանությունների ձևավորումը տեղի կունենա ժողովրդի կամարտահայտության միջոցով: Մենք խոստացել էինք անզիջում պայքար մղել կոռուպցիայի դեմ: Այն շարունակվում է, ժողովրդից մանդատ ստանալու դեպքում մենք պայքարը կշարունակենք:  Խոստացել էինք վերացնել արհեստական տնտեսական մենաշնորհները: Այսօր որևէ շուկայում մուտքի խոչընդոտներ, սահմանափակումներ չկան, ի հայտ են գալիս ու կգան նոր խաղացողներ: Խոստացել էինք, որ չեն լինի արտոնյալ անձինք, կապահովվի օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարությունը: Խոստացել էինք անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որը լիարժեք կատարված է»,- մանրամասնեց նա: 

Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ Հայաստանում իշխանությունն ամբողջությամբ վերադարձված է ժողովրդին, պատկանում է ժողովրդին, ու ՀՀ յուրաքանչյուր քաղաքացին է առաջիկա խորհրդարանական ընտրություններում որոշելու երկրի հետագա ճակատագիրը: