Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան

Մի մասը նախընտրում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ աշխատել, մի մասն աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ

«Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան, որոնց մի մասը իրականանալի է, մի մասն ալուրջ է, մի մասի վրա էլ պետք է աշխատել»,- այս մասին այսօր գործադիրի նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ըստ նրա՝  պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում:

«Մի մասը նախընտրում է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության հետ  աշխատել, մի մասն աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ: Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, այդտեղ որևէ խնդիր չկա, բայց պետք է մաբողջ տեղեկատվությունը ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանան Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում», - ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով, թե ներդրողների հետ բանակցություններում ինչ խնդիրների են բախվում, նշեց, որ երբեմն ներդրողի հետ անցկացված ժամանակն անիմաստ է լինում, ինչի արդյունքում տուժում են մյուս պոտենցիալ ներդրողները:

«Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մշակել, թե ինչպես վարվել՝ առաջարկվում է նման խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, որոնք բանկից կներկայացնեն տեղեկանք, էսպես ասած, այսինքն՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար: Ասենք՝ եթե մարդ, որը կյանքում իր բանկային հաշվում 5000 դոլար չի ունեցել, եկել ասում է՝ 50 մլն կամ 5 մլն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ էդտեղ ինչ-որ բան էնպես չի: Իսկ եթե բանկը հավաստիացնում է, որ էս մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի, թե ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն կոնկրետ ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար՝ մենք ժամանակ չենք ծախսում որևէ այնպիսի խոսակցության վրա, որը այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը: