Կարո՞ղ է ախպերս 50 տոկոս փայ է մտել, ինձ չեք ասում, որ տրամադրությունս չվատանա. Նիկոլ Փաշինյան

«Որոտանի կարմրախայտերը ե՞ս եմ կերել»

 

Այո, մեր կառավարության ծրագրում չի գրվել Որոտանի կարմրախայտի մասին, սակայն եթե կարմրախայտի մասին գրվեր, գրված չէր լինելու սազանի մասին ու այդպես շարունակ:

Այսօր՝ փետրվարի 14-ին, խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն քննադատություններին, թե այդ մասին չի խոսվում կառավարության ծրագրում. «Ես էլի հասկանում եմ, բայց գալ ինձ ասել, որ Որոտանում կարմրախայտ չկա… Որոտանի կարմրախայտերը ե՞ս եմ կերել»:

Փաշինյանի խոսքերով, եթե վաղը հանկարծ որևէ մեկին բռնեն, ով արգելված որս է անում, նույն մարդիկ գալու են ու ասեն, որ այդ մարդը սոցիալապես անապահով ընտանիքից է. «Բա հենա սիգի համար ճանապարհ են փակում: Ժողովուրդ ջան, որ հիմա ուզում ենք սիգը սեզոնին նորմալ ձվադրի, ի՞նձ համար եմ անում: Կարող է ախպերս 50 տոկոս փայ է մտել, ինձ չեք ասում, որ տրամադրությունս չվատանա:

Մենք չենք ասում, որ մեր բոլոր ասածները բացարձակ ճշմարտություն են, ոչինչ, թող մարդիկ գան ասեն, որ խնդիր կա: Հարկային բեռը շա՞տ մեծ է, եկեք խոսենք, քննարկենք: Մենք ցանակնում ենք, որ մարդիկ հարստանան, հարստացնեն, հարկ վճարեն: Բայց հիմա Պապ թագավորի ժամանակների նման, ում ասում ես, որ պետք է հարկ վճարես, ասում են՝ ոնց մե՞նք պետք է վճարենք»,-նշեց Փաշինյանը:

Խոսելով կառավարության ծրագրի մասով առաջարկների մասին՝ Փաշինյանը նշեց, որ հիմա դրանք ներառելու համար սահմանադրական հնարավորություն չկա։