Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ալբերտ Ազարյանին

Դուք՝ լեգենդ և ազգային հպարտություն, ով տասնամյակներ շարունակ սաներին է փոխանցում հաղթանակի հասնելու ձգտումն ու հաջողության բանալիները

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն Ալբերտ Ազարյանին՝ ծննդյան 90-ամյա հոբելյանի առթիվ:

«Դուք իրավամբ 20-րդ դարի ամենատիտղոսակիր մարմնամարզիկներից մեկն եք, ում անունը, ի պատիվ մեր ժողովրդի, գրանցված է թե՛ Օլիմպիական խաղերի, թե ՛ողջ համաշխարհային սպորտի պատմության էջերում: Մարզական ակտիվ գործունեության ընթացքում գրանցած հաղթանակներով ու, մասնավորապես, հայտնի «ազարյանական խաչ»-ով Դուք, կարծես, առաջ էիք ընկել Ձեր ժամանակից՝ յուրովի ապացուցելով, որ, իսկապես, ուժեղ եք թե՛ հոգով, թե՛ մարմնով:

Ձեր նվաճած օլիմպիական երեք ոսկիներն այսօր էլ շարունակում են մեզ համար համահայկական մնայուն արժեքներ մնալ, իսկ Դուք՝ լեգենդ և ազգային հպարտություն, ով տասնամյակներ շարունակ սաներին է փոխանցում հաղթանակի հասնելու ձգտումն ու հաջողության բանալիները:

Ընդունե՛ք, խնդրեմ, անկեղծ բարեմաղթանքներս: Առողջություն, արևշատություն և ամենայն բարիք Ձեզ»,- ասված է նախագահ Սարգսյանի ուղերձում: