ՀԴՄ-ների ներկրման մենաշնորհ կա՞ր, թե՞ ոչ

Ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը հերքեց Դավիթ Անանյանին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ աշխատանքային հանդիպման արդյունքում, հաշվի առնելով քաղաքացիների բողոքներն ու առաջարկները, ՊԵԿ նախագահը որոշում կկայացնի նոր սերնդի ՀԴՄ-ները 160 հազար դրամի փոխարեն՝ 60 հազար դրամով տրամադրել այն սուբյեկտներին, որոնց համար օրենքի ուժով նման ՀԴՄ-ներ ունենալը պարտադիր է դարձել ս/թ հունվարի 1-ից: «Տարաժամկետ վճարման, այսինքն՝ գումարը երկու տարվա ընթացքում վճարելու հնարավորությունը, որը մինչ այս էլ կար, կպահպանվի: Այս հնարավորությունից, ըստ էության, կօգտվեն շուրջ 25 հազար փոքր և միջին սուբյեկտներ:

Հատուկ նշեմ, որ վերը նշված կատեգորիայի, ուշադրություն դարձրեք՝ վերը նշված կատեգորիայի այն սուբյեկտները, ովքեր արդեն 160 հազար դրամով ձեռք են բերել նոր սերնդի ՀԴՄ-ներ, կհրավիրվեն ՊԵԿ, և նրանց հետ վերահաշվարկ կիրականացվի: Նշեմ նաև, որ ՀԴՄ-ների ոլորտում նույնպես պետական մենաշնորհն առաջիկայում կհանվի, և քաղաքացիները պահանջվող պարամետրերի ՀԴՄ-ներ, բացի համանուն ՊՈԱԿ-ից, կարող են ձեռք բերել ցանկացած տեղից. պարամետրերի վերանայման հարցը նույնպես քննարկման փուլում է»,- նշել է Ն.Փաշինյանը:

Մինչդեռ, բոլորովին վերջերս՝ հունվարի 10-ին, Դավիթ Անանյանը հայտարարել էր, որ ցանկացած ոք կարող է սահմանված տեխնիկական պահանջներին համապատասխանող ՀԴՄ բերել, միացնել համակարգին և գործել, այսինքն՝ շուկան ազատականացվել է, և չկա պահանջ, որ անպայման պետք է ձեռք բերեն ՊԵԿ-ի ՊՈԱԿ-ից։ Անանյանը նաև հայտարարել է, որ ՀԴՄ-ի ինքնարժեքը 158 հազար դրամ է, այն վաճառվում է 160 հազար դրամով:

Թե այժմ ինչպե՞ս հնարավոր դարձավ 158 հազարանոց ապրանքը տրամադրել ընդամենը 60 հազար դրամով, ՀՀ վարչապետը չի մանրամասնել։

Գնի նման կտրուկ անկումը տնտեսագետ Գևորգ Պողոսյանի տարակուսանքն է հարուցել։

«Շատ տարօրինակ է, չեմ կարող ասել, թե ինչպես սարքավորման գինն այդպես կտրուկ նվազեց։ Եթե ՀԴՄ-ի ինքնարժեքն իրոք 158 հազար դրամ էր, ապա պետք է հասկանալ, թե ինչ միջոցներով է սուբսիդավորվելու։ Ստացվում է՝ պետությունը թանկ առնում է և էժան տրամադրում տնտեսվարողին»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Գ.Պողոսյանը։

Ըստ նրա՝ նախկինում ՀԴՄ-ի թանկության խնդիրը բազմիցս բարձրացվել է Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, ՊԵԿ-ում, սակայն նշվում էր, որ գինը հնարավոր չէ իջեցնել։ Անտեսվում էր նաև ՏՏ տեղական կազմակերպությունների առաջարկը, որ կարող են արտադրել այդ սարքերը, և ոչ միայն արտադրել, այլև բոլոր անհրաժեշտ ֆունկցիաներն ապահովել ծրագրային հիմունքներով, որպեսզի ցանկացած կազմակերպություն, փոքր խանութ իր մոտ տպիչ տեղադրելով՝ կարողանա հեռախոսի միջոցով տպել ՀԴՄ կտրոնները։

«Բավականին քննարկումներ եղան։ ՊԵԿ-ից ասում էին, որ 160 հազար դրամից ցածր չեն կարող ներկրել, շատ երկար ընդդիմանում էին։ Բայց պարզվեց՝ հնարավոր է։ Այդ 60 հազարն ադեկվատ գումար է, որ փոքր ու միջին ձեռնարկությունները կարող են իրենց թույլ տալ, հատկապես շատ բիզնեսներ մեկից ավելի ՀԴՄ են կիրառում»,- ասաց Գ.Պողոսյանը՝ հիշեցնելով, որ ՀԴՄ-ների ներդրման սկզբում դրանց գինը 368 հազար դրամ էր, հարցը բարձրացվեց ՓՄՁ խորհրդում, տարաժամկետվեց վճարումը, ապա գինը նվազեցվեց, նույնիսկ մի պահ ֆիքսվել էր 60 հազար դրամ։

Գ.Պողոսյանի խոսքով՝ տեղական ՏՏ ձեռնարկությունները կարող են ավելի էժան ու արդյունավետ ծրագրային ապահովում ստեղծել, որ տնտեսվարողի համար ընդհանուր 20 հազար դրամի ծախս կարժենա։

Թե ի՞նչ մենաշնորհի վերացման մասին է խոսել Փաշինյանը, եթե Անանյանը պնդում է, որ մենաշնորհ չկա, Գ.Պողոսյանը նշեց, որ այնուամենայնիվ մենաշնորհ եղել է.

«Կարծում եմ՝ կար մենաշնորհ, որովհետև ոչ մի կազմակերպություն ի վիճակի չէր եղել ապահովել այդ պարամետրերը, սկզբում որոշակի կոդի խնդիր կար, որ ՊԵԿ-ը մի քանի տարի առաջ հրաժարվում էր տրամադրել, իսկ առանց դրա չէր կարելի միանալ համակարգին։ Պարամետրերն այնպիսին էին, որ նման ՀԴՄ արտադրում էր միայն մեկ կազմակերպություն և միայն ՀՀ ՊԵԿ պատվերով, այսինքն՝ այդ կազմակերպությունը ստեղծվել էր հենց այս պատվերն անելու համար, ուրիշ ոչ մի պատվեր չէր անում։ Այսինքն՝ այն պահանջները, որ սահմանվել էին, դրանց համապատասխան միայն ՊԵԿ-ը կարող էր ներկրել, ուրիշների համար գործնականում հնարավորություն չկար»,- ասաց Գ.Պողոսյանը։

Տնտեսագետը նշեց, որ այժմ պետք է հետևողական լինել, հասկանալ, թե ինչ է նշանակում՝ մենաշնորհը վերացվում է, ի վերջո՝ գալի՞ս ենք նրան, որ առանց ապարատների, միայն ծրագրային լուծումներով իրականացվի ՀԴՄ-ի գործառույթը, թե՞ ամեն դեպքում պետք է ներկրել սարքերը։