Փրկարարները մարմին են հայտնաբերել ֆուտբոլիստի անհետացած ինքնաթիռի բեկորների մոտ

Փրկարարներն այն նկատել են որոնողական աշխատանքների ժամանակ արված տեսանյութում

Որոնողական խմբի անդամները արգենտինացի ֆուտբոլիստ Էմիլիանո Սալայի ինքնաթիռի բեկորների մոտ մարմին են գտել: Հիշեցնենք, որ ինքնաթիռում ֆուտբոլիստից բացի եղել է միայն օդաչուն:

Ինչպես հայտնում է Sky Sports-ը, մարմինը հայտնաբերվել է ստորջրյա գործողությունների արդյունքում: Աղբյուրի փոխանցմամբ, այն երևացել է որոնողական աշխատանքների ժամանակ արված տեսանյութում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ փրկարարները Լա Մանշում գտել էին անհետացած ինքնաթիռի բեկորները: 

Հունվարի 29-ին 28-ամյա արգենտինացին պետք է «Քարդիֆի» կազմում մասնակցեր «Արսենալի» դեմ խաղին: Ցավոք, «Նանտից» «Քարդիֆ» տրանսֆերի հաջորդ օրը ֆուտբոլիստին Ուելս տեղափոխող մասնավոր ինքնաթիռն անհետացավ: