Հայաստանի դեմ արշավի հետևանքները Ռուսաստանն արդեն «վայելում է» Ուկրաինայում, հերթը Թուրքիայինն է, իսկ Չինաստանը պետք է դասեր քաղի

Մանրամասներ
ա

Չինաստանի իշխող Կոմունիստական ​​կուսակցության 20-րդ ազգային կոնգրեսը արդյունքները համաշխարհային մամուլը գնահատել է որպես ներքին հեղաշրջում։ Կոնգրեսի փակումից հետո «Սինհուա» պետական գործակալությունը հրապարակել է Չինաստանի ԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամների ցուցակը։ Դրանում բացակայում է Կոմկուսի Կենտկոմի քաղբյուրոյի մշտական ​​հանձնաժողովի՝ յոթ հոգանոց ղեկավար մարմնի անդամներից չորսի անունը։

Իր հերթին, համագումարի արդյունքներով Սի Ծինպինը կշարունակի ղեկավարել երկիրն առաջիկա հինգ տարիներին (երրորդ ժամկետ)։ Նա խոշոր վերադասավորումներ է կատարել Կոմունիստական ​​կուսակցությունում, դուրս թողնելով առանցքային պաշտոնյաների, այդ թվում վարչապետին, խորհրդարանի խոսնակին, Ժողովրդական քաղաքական խորհրդատվական մարմնի համաչինական խորհրդի նախագահին և փոխվարչապետին։

Քաղբյուրոն եւ մասնավորապես դրա ղեկավար մարմինը Չինաստանի կոլեգիալ կառավարման բարձրագույն մարմինն է։ Չինաստանում համագումարի նախօրեին սրված ներքին դիմակայությունն այսպիսով հանգուցալուծվեց Սի Ծինպինի լիակատար հաղթանակով եւ ընդդիմության առանցքային դեմքերի հեռացմամբ, որոնք դեմ էին Սի Ծինպինի երրորդ ժամկետին եւ երկրի կառավարման կոլեգիալ մեխանիզմի ոչնչացմանը, ինչպես նաեւ Թայվանի, տնտեսական եւ այլ հարցերում Սի Ծինպինի քաղաքականությանը։

Այս առումով, ուշագրավ իրադարձություն տեղի ունեցավ համագումարի փակման ժամանակ, երբ երկրի նախկին նախագահ Հու Ձինտաոյին՝ կուսակցության մեջ ընդդիմության առաջնորդներից մեկին, գրեթե ուժով դուրս բերեցին դահլիճից։ Չինաստանում ընդունված չէ ներքին տարաձայնությունները ցուցադրել, սակայն այդ կադրերը ցուցադրվեցին հեռուստատեսությամբ։

ա

Չինաստանում ներքին քաղաքական ու տնտեսական բարդ կացության ֆոնին երկրը գնում է խստացման եւ իշխանության կենտրոնացման ճանապարհով։ Ամփոփիչ փաստաթղթերում ամրագրվել է արտաքին ագրեսիվ քաղաքականության դրույթը, մասնավորապես Թայվանի հարցում։ Փորձագետները չեն բացառում, որ ՌԴ եւ Թուրքիայի պես Պեկինը կարող է անցնել ներքին քաղաքական եւ սոցիալ-տնտեսական բարդություններն «արտահանելու» քաղաքականության։

Նոր աշխարհակարգի ձեւավորման ներկայիս ժամանակաշրջանում Չինաստանում տեղի ունեցած շրջադարձային փոփոխություններն անկասկած իրենց ազդեցությունն են ունենալու աշխարհքաղաքական եւ գեոտնտեսական զարգացումների վրա։

Հայաստանի հարցում Չինաստանի քաղաքականությունն առայժմ մնում է «երկատված»․ Պեկինը Մոսկվայի հետ 2020-ի հոկտեմբերին տապալեց ՄԱԿ ԱԽ-ում Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանաձեւը, հավանություն տվեց ՀՀ տարածքով միջանցքի ռուս-թուրքական ծրագրերին, սակայն այս տարվա հոկտեմբերին ՄԱԿ ԱԽ-ում արդեն խոսում էր Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման մասին։ Տնտեսական անկայուն հիմքի վրա կանգնած ու աշխարհքաղաքականության մեջ առաջին քայլերն անող Չինաստանը պետք է կողմնորոշվի Հայաստանի հարցում, «հնագույն քաղաքակրթության» մասին շաղակրատանքներն ու հայկական տարածքների շուրջ միմոսությունները ոչ մի տեղ չեն տանի։ Հայաստանի դեմ արշավի հետեւանքները Ռուսաստանն արդեն «վայելում է» Ուկրաինայում եւ այլուր, Թուրքիայի հերթը սարերի հետեւում չէ, Չինաստանը կարող է դասեր քաղել։

Սկզբնաղբյուր