Դատախազի որդին կալանավորվել է խաբեությամբ գումար հափշտակելու համար

Մանրամասներ

Քաղաքացուց խոշոր չափի գումար հափշտակելու մեղադրանքով դատախազներից մեկի որդին կալանավորվել է: Տուժողը Մարինա Սահակյանն է, որը մինչև վարույթի հարուցումը, մի քանի անգամ հացադուլ էր հայտարարել դատախազության դիմաց, պնդում էր, որ բիզնեսում ներդրման նպատակով երրորդ անձի միջոցով 45 հազար դոլար է փոխանցել դատախազի որդուն, նա էլ վերցրել է գումարն ու անհետացել: Քրեական հետապնդման ենթարկված անձը, ինչպես ավելի վաղ պնդել էր տուժողը, դատախազ Աշոտ Կոստանյանի որդին է՝ Մուշեղ Կոստանյանը: Նա, սակայն, առաջադրված մեղադրանքը չի ընդունում:

Հրանտ Վարդանյան (Մուշեղ Կոստանյանի պաշտպան) - Որևէ մեկի նկատմամբ Մուշեղ Կոստանյանը որևէ հանցանք չի կատարել: Եթե հիշեք դատախազության դիմաց տվյալ կնոջ հրապարակումները, կհիշեք, որ ինքը անմիջական գործողությունների որևէ մասնակից չի եղել, ինքը երրորդ անձ է հանդես գալիս, ով գիտի, որ իր նախկին կամ ներկա ընկերը Մուշեղ Կոստանյանի հետ որոշակի գործարքներ է կատարել:

Պաշտպանն ասաց՝ պահանջել են առերես հարցաքննություններ իրականացնել:

Հրանտ Վարդանյան - Թող գան, պատմեն, տեսնենք` Մուշեղը որևէ առնչություն, որևէ մեղք ունի այդ հանցանքի կատարման մեջ, առհասարակ հանցագործության դեպք գոյություն չունի:

Մինչդեռ հսկող դատախազը հակառակն է պնդում:

Ռաֆայել Գևորգյան (դատախազ) - Մ. Կ.-ն, դիտավորությամբ խեղաթյուրելով իրականությունը, կեղծ տվյալներ ներկայացնելով, ինչպես նաև ապագայում սպասվող իրադարձությունների վերաբերյալ մոլորության մեջ գցելով տուժողին, իբր ձեռնարկատիրական գործունեություն ծավալելու և համատեղ եկամուտներ ստանալու պատրվակով խաբեությամբ հափշտակել է տուժողին պատկանող բնակարանի օտարումից գոյացած առանձնապես խոշոր չափերով 19 մլն ՀՀ դրամը:

Դատախազի որդին ձերբակալվել, ապա դատարանի որոշմամբ կալանավորվել է, նախաքննությունը շարունակվում է:

1lurer.am