Ուկրաինայի խորհրդարանը ճանաչել է Չեչնիայի անկախությունը

Մանրամասներ

1

Ուկրաինայի խորհրդարանը Չեչնիայի Իչկերիայի Հանրապետությունը ճանաչել է որպես անկախ պետություն, որը «ժամանակավորապես» օկուպացված է Ռուսաստանի կողմից, ինչպես նաև դատապարտել է «չեչեն ժողովրդի դեմ ցեղասպանության իրագործումը»։

Գերագույն Ռադայի պատգամավորները երեքշաբթի միաձայն ընդունել են բանաձևը։

«Մենք հայտարարում ենք Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության ճանաչումը որպես Ռուսաստանի Դաշնության կողմից ժամանակավորապես օկուպացված՝ զինված ագրեսիայի արդյունքում, որը կատարվել է ՄԱԿ-ի կանոնադրության խախտմամբ»,- ասվում է բանաձևում։

Այն վկայակոչում է Չեչնիայի Իչկերիայի Հանրապետության անկախության հռչակումը Խորհրդային Միության փլուզումից հետո և «1992 թվականի մարտի 12-ին նրա խորհրդարանի կողմից սահմանադրության ընդունումը, որը հաստատում էր, որ Իչկերիայի Չեչնիայի Հանրապետությունը որպես ինքնիշխան, անկախ, ժողովրդավարական երկիր և իրավական պետություն»։

Չեչենական առաջին պատերազմում նրանց հաղթանակից հետո Իչկերիայի Հանրապետությունը դե ֆակտո անկախ էր Ռուսաստանից: Այն վերամիավորվեց Ռուսաստանի Դաշնության կազմում Չեչենական երկրորդ պատերազմից հետո՝ Վլադիմիր Պուտինի նախագահության առաջին ժամկետում։

Ուկրաինայի խորհրդարանը դատապարտել է Ռուսաստանի Դաշնության կողմից իրականացված հանցագործությունները, այդ թվում՝ «չեչեն ժողովրդի ցեղասպանության քաղաքականությունը» չեչենական առաջին և երկրորդ պատերազմների ժամանակ։ Նրանք ասել են, որ դա կրկնությունն էր 1944 թվականին ամբողջ չեչեն և ինգուշ ժողովրդի խորհրդային ​​տեղահանության, ինչպես նաև 19-րդ դարում Ռուսական կայսրության կողմից Կովկասի գրավման:

Ուկրաինայի օրենսդիրները կոչ են արել ՄԱԿ-ի անդամ երկրներին և միջազգային կազմակերպություններին երաշխավորել Չեչնիայում կատարված հանցագործությունների անկախ և անաչառ հետաքննությունը և «ապահովել, որ մեղավորները պատասխանատվության ենթարկվեն»։

Ուկրաինացի պատգամավոր և խորհրդարանի «Հանուն ազատ Կովկասի» կոմիտեի ղեկավար Օլեքսի Գոնչարենկոն դրական է գնահատել բանաձևը:

«Կարծում եմ՝ սա չափազանց կարևոր որոշում է։ Պուտինը շատ երկար ժամանակ փորձում էր ստրկացնել չեչեն ժողովրդին, կառավարելու համար նշանակեց իր գաուլեյտեր [նացիստական իշխանության օրոք շրջանը ղեկավարող քաղաքական պաշտոնյա – խմբ․] Կադիրովին, իսկ հիմա ստիպում է չեչեններին պայքարել ուկրաինացիների դեմ։ Սա Ռուսաստանին բնորոշ իմպերիալիստական ​​քաղաքականությունն է այլ ժողովուրդների նկատմամբ»,- գրել է նա։