Greek City Times-ը՝ թուրք-ադրբեջանական վտանգավոր տանդեմի մասին. Հունաստանի պաշտպանությունը սկսում է Հայաստանից

Մանրամասներ
ա

Վաղուց պարզ է, որ Թուրքիան նպատակ ունի Կենտրոնական Ասիայում ստեղծել միջանկյալ, ազատ, բայց հստակ գեոհամակարգ, որը կշարժվի և կգործի ինքնավար՝ օգտվելով Եվրատլանտյան Արևմուտքի մրցակցությունից և եվրասիական պետությունների մոտալուտ կոլեկտիվացումից, և որի հիմքում ընկած կլինի Ռուսաստան-Չինաստան համակարգը: Այն, ինչ կատարվում է Հայաստանում, ուղղակիորեն կապված է Անկարայի նպատակի հետ, գրում է աշխարհաքաղաքականության և ժամանակակից ռազմական տեխնոլոգիաների պրոֆեսոր Կոնստանտինոս Գրիվասը՝ Greek City Times պարբերականում հրապարակված իր հոդվածում:

Հեղինակը նկատում է, որ Թուրքիան դե ֆակտո առաջատարն է այս սխեմայի, որը բաղկացած է հիմնականում թյուրքալեզու երկրներից։ 

«Կենտրոնական և Հարավային Ասիայում այս ազատ ասոցիացիայի առանցքը Թուրքիա-Ադրբեջան համակարգն է։ Իսկ նրանց միջև եղած փուշը Հայաստանն է։ Դրա համար Հայաստանը պետք է կազմաքանդվի Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Հայաստանի դեմ հաղթանակը և դրա հետևանքով աշխարհաքաղաքական խեղումը և արբանյակայնացումն ավելի կամրապնդեն թուրք-ադրբեջանական սխեմայի միասնությունը:Բացի այդ, այն Թուրքիային կտա այն հեղինակությունն ու աշխարհաքաղաքական կշիռը, որն անհրաժեշտ է տարածաշրջանի մնացած երկրներին դեպի իր ուղեծիր գրավելու համար։ Ավելին, աշխարհաքաղաքականորեն չեզոքացնելով Հայաստանը՝ Ադրբեջանն ավելի անկախ կդառնա Մոսկվայից և կկարողանա էլ ավելի շրջվել դեպի Թուրքիա՝ ամրապնդելով թուրք-ադրբեջանական սխեման», - գրել է փորձագետը։

Թույլ մի տվեք, որ Հայաստանը մենակ մնա

«Ընդհանրապես, Հայաստանի խեղումը և աշխարհաքաղաքական հետևանքային անշարժացումը, որին ձգտում է Բաքուն Անկարայի ղեկավարությամբ, կամրապնդի թուրքակենտրոն Կենտրոնական Ասիայի գեոսամակարգի համախմբվածությունը և նրա անկախությունը արտաքին միջամտությունից և էլ ավելի կամրապնդի Թուրքիայի դերը որպես անկախ դերակատար, որը հավասարակշռելու է Արևմուտքի և Արևելքի միջև և շանտաժի ենթարկելու երկուսն էլ։ Այլ կերպ ասած, դա կամրապնդի Թուրքիայի սակարկությունների առարկաները և դերը ձևավորվող միջազգային համակարգում: Իսկ ավելի ուժեղ Թուրքիայի համար ավելի հեշտ կլինի գնալ այն «մեծ հնարքին», որին ցանկանում է հասնել։ Այսինքն, Հունաստանի և Կիպրոսի Հանրապետության աշխարհաքաղաքական անգործության պայմաններում Թուրքիան ավելի քիչ է վախենալու հզոր դերակատարների արձագանքից և շատ ավելի շատ խաղաքարտեր կունենա նրանց հետ բանակցելու համար:

Ահա թե ինչու է Հունաստանի պաշտպանությունը սկսվում Հայաստանից։ Այնքան պարզ է: Հունական դիվանագիտությունը պետք է ամեն միջոց գտնի Հայաստանին աջակցելու համար: Դա պայմանավորված է նրանով, որ միասնական եվրասիական համակարգի ներսում չկան մեկուսացված հատվածներ, որոնք կտրված են մնացածից: Այն, ինչ կատարվում է մի մասում, ազդում է մնացածի վրա:

Իսկ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակումը Թուրքիային ավելի վտանգավոր է դարձնում Հունաստանի համար։ Պարզից էլ պարզ է:

Հայաստանին աջակցելը համերաշխություն չէ մի ժողովրդի նկատմամբ, որի հետ մենք շատ ընդհանրություններ ունենք, դա քայլ է, որն անհրաժեշտ է Հունաստանի անվտանգության և աշխարհաքաղաքական գործունեության համար միասնական և անբաժանելի գեոհամակարգում։ Հունական դիվանագիտությունը և արտաքին քաղաքականությունը, որը վերջին տարիներին ցույց է տալիս, որ ազատվել է նախկինում իրեն պատուհասած գավառականության սինդրոմից, պետք է քայլեր ձեռնարկի։ Եվ, իհարկե, Հունաստանը պետք է գործի անկախ՝ չսպասելով եվրոպական մնացած երկրներին, որոնք չունեն Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի նրա բարեկամների նման հարցեր», - գրել է Գրիվասը: