Մարդիկ կարող են կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ. Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
Live24.am-ը ներկայացնում է

1

Մենք պետք է արձանագրենք, որ իրադրությունը շարունակում է մնալ լարված եւ անվտանգության խորհրդի ֆորմատով քննարկել ենք ՀՀ-ում ռազմական դրություն մտցնելու նպատակահարմարությունը եւ եկել ենք եզրակացության, որ այս պահին նման որոշման պետք է չգնանք: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 16-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բայց մյուս կողմից մենք նաեւ բազմաթիվ քաղաքացիներից առաջարկներ ենք ստանում: Նաեւ կան քաղաքացիներ, որոնք ասում են՝ ռազմական դրության էինք սպասում, որ մասնակցենք մեր երկրի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության պաշտպանությանը: Անվտանգության խորհրդի նիստում դա էլ ենք քննարկել եւ եկել այն եզրակացության, որ եթե կան մարդիկ, որոնք ուզում են ներգրավված լինել, կարող են սովորական ընթացակարգով կամավորության հիմքով դիմել զինկոմիսարիատներ եւ այդ խնդիրը կլուծվի: Առավելեւս մենք հիմա նախկինում կայացրած որոշումների շրջանակներում եռամսյա հավաքների գործընթացը շարունակական է, ուժի մեջ է: Կան բոլոր օրենսդրական հիմքերը, կամավորության հիմունքներով քաղաքացիներին ներգրավել ծառայության մեջ»,-ասաց նա:

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հավելեց, որ թե «Աշխարհազորի մասին» օրենքը, թե եռամսյա հավաքների կառավարության որոշումները եւ «Պաշտպանության մասին» օրենքը այդ հնարավորությունները տալիս են. «Բոլոր այն քաղաքացիները, որոնք ուզում են այսօր կամավորության հիմունքներով զինվորագրվել եւ գնալ պատրաստության, անհրաժեշտության դեպքում նրանց կիրռելիությունն ապահովելու համար, զինկոմիսարիատները պատրաստ են նրանց ընդունել, տեղորոշել ըստ վայրերի»: