Վրաստանում մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ զորավարժությունները

Մանրամասներ
ա

Վրաստանում օգոստոսի 29-ին մեկնարկել են ԱՄՆ-ի հետ համատեղ «Արժանի գործընկեր 2022» (Noble Partner 2022) բազմազգ զորավարժությունները։ Ինչպես տեղեկացնում է «Interfax»-ը, այս մասին ասված է Վրաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ:

«Զորավարժությունների նպատակն է բարձրացնել Վրաստանի, ԱՄՆ-ի, տարածաշրջանային գործընկերների եւ դաշնակիցների միջև պատրաստվածությունը և փոխգործակցությունը՝ Սև ծովի տարածաշրջանում կայուն և անվտանգ միջավայր ապահովելու համար», – ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ զորավարժություններին կմասնակցեն Վրաստանի, ԱՄՆ-ի, Ճապոնիայի, Շվեդիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Մոլդովայի, Հունաստանի, Մեծ Բրիտանիայի, Թուրքիայի, Սլովակիայի, Նորվեգիայի, Հունգարիայի, Լիտվայի, Ադրբեջանի, Գերմանիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Էստոնիայի, Լեհաստանի ավելի քան 2 400 զինծառայողներ, ինչպես նաև Լիտվա-Լեհաստան-Ուկրաինա բազմազգ բրիգադի զինծառայողներ:

Զորավարժությունների բացման արարողությունը տեղի է ունեցել Վազիանի ռազմաբազայի տարածքում (գտնվում է Թբիլիսիի մերձակայքում):