Աշխատավարձի 2 000 000 դրամ փոխհատուցում՝ բարձր որակավորում ունեցող մասնագետներ ներգրավողների համար

Մանրամասներ
ա

Օգոստոսի 4-ին ՀՀ Կառավարության նիստում ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թ․ մարտի 26-ի N 355-Լ որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը, որը մշակվել է համատեղ Հայաստանի ներդրումային խորհրդի եւ ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կողմից։

Նախագիծը ներառում է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է բարձրացնել գործող ընկերությունների արտադրողականությունը երկու հիմնական միջոցներով՝ աջակցել տնտեսավարողներին ներգրավել բարձր որակավորում ունեցող մասնագետների, և խթանել գիտահետազոտական գործունեությունը։

Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավում

Ով կարող է դիմել․ աջակցություն ստանալու համար կարող են դիմել առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունները, որոնք դիմելու պահին նախորդող 12 ամսվա ընթացքում ներգրավել են բարձր որակավորում ունեցող մասնագետների (ԲՈՈՒՄ)։ ԲՈՈՒՄ է համարվում այն մասնագետը, ով ծրագրին դիմելու պահին նախորդող 30 ամսից առնվազն 12-ը ապրել է Հայաստանից դուրս և բավարարում է հետևյալ պայմաններից գոնե մեկին՝

  • ավարտել է ծրագրին դիմելու տարում հրապարակված QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկը և ստացել է բակալավրի, մասգիստրոսի և/կամ դոկտորի որակավորում/աստիճան։

կամ

  • ունի նվազագույնը 10 տարվա աշխատանքային փորձ  Forbes, Fortune, HeadHunter, NIFTY, Dow Jones, FTSE, S&P, SSE Composite, SZSE, KOSPI, KOSDAQ, BSE SENSEX, NSE of India, BOVESPA, IBrX, ITEL, Nikkei, TOPIX, DAX, MDAX, MOEX Russia ինդեքսներում ներառված աշխարհում առաջատար ընկերություններից որևէ մեկում

Աջակցության չափը

  • Բակալավրի, մագիստրոսի կոչում ունեցող, կամ առաջատար արտասահմանյան ընկերություններից որևէ մեկում առնվազն 10 տարվա փորձ ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխհատուցվի վճարված աշխատավարձի 20%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 000 000 ՀՀ դրամ:
  • QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ներգրավման դեպքում կազմակերպությանը կփոխատուցվի վճարված աշխատավարձերի 50%-ը, սակայն ոչ ավելի քան ամսական 1 500 000 ՀՀ դրամը, 
  • QS World University Rankings համաշխարհային համալսարանների վարկանիշի  առաջատար 400 ԲՈՒՀ-երից որևէ մեկից դոկտորական աստիճան ունեցող ԲՈՈՒՄ-երի ՀՀ ԲՈՒՀ-երում դասավանդելու դեպքում համալսարանին կփոխհատուցվի աշխատավարձի 70%-ը, սակայն ոչ ավելի քան գումարային ամսական 2 000 000 ՀՀ դրամը: 

Փոխհատուցման կարգը․ Փոխհատուցումները փոխանցվում են տնտեսավարողների դիմումներում նշված բանկային հաշիվներին` մինչև յուրաքանչյուր եռամսյակի ավարտին հաջորդող 15 օրվա ընթացքում: Փոխհատուցումները տրամադրվում են դիմումի հաստատումից սկսած իրար հաջորդող 36 ամիսների համար։  Աջակցությունը տրամադրվում է այն պայմանով, որ աջակցության համար դիմելուն նախորդող առնվազն 2 ամսվա (անընդմեջ)  ընթացքում ԲՈՈՒՄ-ը հանդիսացել է տվյալ տնտեսավարողի աշխատակից: