Ընդդիմությունը, գաղտնալսման սկանդալի ֆոնին, պահանջում է վարչապետի հրաժարականը

Մանրամասներ

1

Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցությունը կոչ է արել երկրի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսին հրաժարական տալ՝ կապված Ազգային հետախուզական ծառայության կողմից ընդդիմադիր Սոցիալիստական կուսակցության (ՊԱՍՕԿ) առաջնորդ Նիկոս Անդրուլակիսի հեռախոսի գաղտնալսման առնչությամբ սկանդալի հետ, որի հետևանքով հրաժարական են տվել նրա գլխավոր քարտուղարը և Հունաստանի հետախուզական գործակալության ղեկավարը: Այս մասին հայտնում է greekcitytimes.com կայքը:

«Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը քաջություն չունեցավ անել այն, ինչ ինքնին ակնհայտ է եվրոպական լիբերալ ժողովրդավարության մեջ՝ հրաժարական տալ», - հայտարարել է ՍԻՐԻԶԱ-Առաջադեմ դաշինք կուսակցությունը:

Նախօրեին Միցոտակիսը, մեկնաբանելով սկանդալը, ասել էր, որ ինքը գատնալսման մասին տեղյակ չի եղել, և եթե տեղյակ լիներ, թույլ չէր տա նման բան: Սակայն Հունաստանի գլխավոր ընդդիմադիր կուսակցության պնդմամբ՝ վարչապետը «ստախոս լինելուց բացի ամբարտավան է և չզղջացող, քանի որ չի ցանկանում իր վրա վերցնել պատասխանատվությունը»:

Եվրախորհրդարանի պատգամավոր և ՊԱՍՕԿ-ի առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը ուրբաթ ասել էր, որ տեղեկացել է 2021 թվականի իր խոսակցությունների գաղտնալսման մասին։ Նա չի բացահայտել տեղեկատվության աղբյուրը։

ՊԱՍՕԿ-ը Հունաստանի երրորդ կարևորագույն քաղաքական կուսակցությունն է։ Տասնամյակներ շարունակ այն եղել է Միցոտակիսի պահպանողական «Նոր դեմոկրատիա» կուսակցության գլխավոր քաղաքական մրցակիցը: