Ուկրաինայում Ռուսաստանը գաղտնի գործակալների ցանց է ստեղծել, որոնք պետք է օգնեին գրավել Ուկրաինան

Մանրամասներ

Ըստ Reuters-ի հետաքննության, Կրեմլը գաղտնի գործակալներ է ներդրել Ուկրաինայի պետական ​​ապարատում, որոնք կաշառքով և համոզելով պետք է ճանապարհ հարթեին ռուսական ներխուժման համար:

Երբ փետրվարի 24-ի ցերեկը ռուս զինվորականները հասան Չեռնոբիլի ատոմակայան, այնտեղ նրանց սպասում էին ուկրաինական ստորաբաժանումները, որոնց հանձնարարված էր պաշտպանել վտանգավոր օբյեկտը։ Սակայն առանց կռվի Ուկրաինայի ազգային գվարդիայի 169 մարտիկ վայր դրեցին զենքերը։ Սա պատահականություն չէր, պնդում է Reuters-ը, այլ Կրեմլի կողմից ծրագրված գործողության մաս։

Գործակալության լրագրողները կարողացել են ծանոթանալ հետաքննության փաստաթղթերին եւ պարզել, որ հավաքագրվածների թվում են, օրինակ, հակահետախուզությամբ զբաղվող ուկրաինացի քննիչներ։

Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի քարտուղար Օլեքսի Դանիլովը Reuters-ին ասել է, որ պատերազմի սկզբում ռուսական գործակալները գործում էին ուժային կառույցներում, ինչպես նաև պաշտպանության և անվտանգության ծառայություններում։

Բացի այդ, վկայակոչելով մի աղբյուր, որը տեղյակ էր Կրեմլի ներխուժման ծրագրերին, Reuters-ը հայտնում է, որ անցյալ տարի ռուս գործակալներն ուղարկվել են Չեռնոբիլ՝ պաշտոնյաներին կաշառելու և օբյեկտին անարյուն տիրանալու համար:

«Չնայած Ռուսաստանը գրավեց Չեռնոբիլը, Կիևում իշխանությունը զավթելու նրա ծրագիրը ձախողվեց: Ըստ բազմաթիվ աղբյուրների Ռուսաստանում և Ուկրաինայում, շատ դեպքերում Մոսկվայի գործակալները չեն կատարել իրենց աշխատանքը:

Միևնույն ժամանակ, Reuters-ի աղբյուրները խոստովանում են, որ ռուս լրտեսներին հաջողվել է անվստահություն սերմանել Ուկրաինայի ներսում և բացահայտել ուկրաինական Անվտանգության ծառայությունում առկա խնդիրները։ Սրա արդյունքներից մեկն էլ վարչության պետ Իվան Բականովի պաշտոնանկությունն էր։