Կարող են արդյոք պարեկները դաջվածքներ ունենալ

Մանրամասներ

1

Մայրաքաղաքում հաճախ կարելի է տեսնել պարեկային ծառայողների, որոնք իրենց ձեռքերին տարբեր ճաշակի, չափի ու բովանդակության դաջվածքներ են կրում, որոնք էլ իրենց բովանդակային ընդգրկմամբ քրիստոնեական պատկերներից մինչև տարբեր ենթամշակույթներին հարիր պատկերներ են ներառում։ Նախկին ճանապարհային ոստիկանները այդ առումով աչքի չէին ընկնում, նույնիսկ պատկերացում կար, որ օրենքով է արգելված ոստիկաններին դաջվածքներ ունենալը։

Ոստիկանությանը Oragir.news-ը հարցում էր ուղարկել՝ հարցնելով, թե արդյոք կարելի է ոստիկանության ծառայողներին իրենց մարմնի երևացող ու չերևացող տեղերում դաջվածքներ ունենալ։ Ոստիկանությունից պատասխանել են՝ օրենքը չի արգելում․ «ՀՀ ոստիկանությունում ծառայության ընդունումը կարգավորվում է «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի եւ 14-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով, որոնցով որեւէ սահմանափակում դաջվածք ունեցող անձանց՝ ոստիկանության պարեկային կամ այլ ծառայություն ընդունելու համար սահմանված չէ»։

Ոստիկանության լրատվական վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանին հարցրինք՝ նախկինում ոստիկաններին ինչպե՞ս են ընտրել, օրինակ՝ կարո՞ղ էր ձեռքի ողջ երկայնքով դաջվածք ունեցող մարդը դառնալ ոստիկան։ Շիրինյանը պատասխանեց․ «Միանշանակ ոչ, չէին ընդունում»։ Իսկ պատճառաբանություն կա՞ր՝ հարցրինք․ «Որպես այդպիսին, կարծեմ, չկար, նախորդ տարիներից իներցիայի ուժով էր գալիս։ Հստակ նորմատիվ ակտի բովանդակություն չեմ հիշում»։