Ռուսաստանը կարող է դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա

Մանրամասներ
ա

ԷՄԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլն ասում է, որ Եվրոպային անհրաժեշտ է արտակարգ իրավիճակների նախագիծ, գրում է Ամերիկայի ձայնը

Ռուսաստանը կարող է ամբողջությամբ դադարեցնել գազի մատակարարումը Եվրոպա, քանի որ ուկրաինական ճգնաժամի պայմաններում այն փորձում է ուժեղացնել իր քաղաքական ազդեցությունը, չորեքշաբթի օրը ասել է Էներգետիկայի միջազգային գործակալության (ԷՄԳ) ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Նրա կարծիքով, Եվրոպան պետք է պատրաստ լինի իրադարձությունների նման զարգացմանը։

«Չէի բացառի, որ Ռուսաստանը շարունակեր պատրվակներ գտնել Եվրոպա գազի մատակարարման կրճատման և, հնարավոր է նաև ամբողջությամբ դադարեցման համար», – ասել է ԷՄԳ-ի գործադիր տնօրենը «Reuters»-ի թղթակցին տված հարցազրույցի ժամանակ:

«Այդ պատճառով էլ Եվրոպան պետք է մշակի արտակարգ իրավիճակների ծրագիր»,- հավելել է նա:

Բիրոլի կարծիքով, Ռուսաստանի կողմից գազի հոսքի վերջին կրճատումները պետք է դիտարկել որպես Մոսկվայի քաղաքական ազդեցությունը մեծացնելու փորձ։ Այսպես Ռուսաստանը փորձում է ցուցադրել մի պատկեր, որը կարող է ստեղծվել ձմռան ամիսներին, երբ գազի պահանջարկը զգալիորեն ավելանա:

Միաժամանակ Բիրոլը նշել է, որ ԷՄԳ-ը չի կարծում, որ ռուսական գազի ամբողջական դադարեցման այս հիպոթետիկ սցենարը մեծ հավանականություն ունի:

Հիշեցնենք, որ Եվրամիությունը պատժամիջոցներ է սահմանել ռուսական նավթի և ածխի դեմ, սակայն ձեռնպահ է մնացել գազի ներկրման արգելքից Մոսկվայի մատակարարումներից Եվրոպայի մասնակի կախվածության պատճառով:

Ինչ վերաբերում է էներգիայի ոլորտում 2022 թվականի ընդհանուր ներդրումներին, ԷՄԳ-ն իր զեկույցում նշել է, որ այս տարի կներդրվի 2,4 տրիլիոն դոլար, ինչը կներառի վերականգնվող էներգիայի ռեկորդային ծախսերը:

Սակայն, ըստ Բիրոլի, դա բավարար չէ մատակարարման բացը փակելու և կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները լուծելու համար։

«Նավթի և գազի օգտագործման ներկայիս ծավալը չափազանց բարձր է գլոբալ տաքացման մեջ գտնվող մեր մոլորակի համար, բայց միևնույն ժամանակ բավարար չէ գազի աճող պահանջարկը բավարարելու համար», նշված է ԷՄԳ-ի հաղորդագրության մեջ։