ՈՒկրաինայի իշխող խմբակցության ղեկավարը Վրաստանի վարչապետին մեղադրել է կեղծիքներ տարածելու մեջ

Մանրամասներ
ա

Ուկրաինայի խորհրդարանի իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին մեղադրել է կեղծիքներ տարածելու մեջ։

«Բոլորովին վերջերս ԵԽԽՎ նիստում Ղարիբաշվիլին հայտարարեց, որ Արախամիան իբր մեկնել է Եվրոպա և Միացյալ Նահանգներ և համոզել է Վրաստանին չընդունել որպես ԵՄ անդամության թեկնածու։ Նախ՝ Եվրոպայում Արախամիան չի եղել։ Միացյալ Նահանգներում Արախամիան հատուկ զբաղվում էր այն հայեցակարգի հիմնավորմամբ, որ պարոն Իվանիշվիլին ռուսամետ օլիգարխ է, որն ունի խամաճիկ կառավարություն և ըստ էության հարվածի տակ է դնում վրացի ժողովրդին, որը ցանկանում է Եվրոպա», ասել է Արախամիան։

«Եվ խնդրում եմ ուշադրություն մի դարձրեք Վրաստանի կառավարության, մասնավորապես՝ վարչապետի բացահայտ ֆեյքերին, ով սուտ տեղեկություններ է տարածում պարզապես մեկ օլիգարխի հրահանգով»,- ասել է Արախամիան։

Նա ընդգծել է, որ Վրաստանի ժողովուրդը աջակցում է Ուկրաինային, և նրա ներկայացուցիչները կռվում են Ուկրաինայի կողմից։