Աղավնոն հանձնողին կյանքից կհեռացնենք․ Գյուղը չենք հանձնի․ Եթե կա բանակցող կողմ, թող բանակցեն ի շահ հայի

Մանրամասներ

1

«Հրապարակ» գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մի քանի օր է՝ Մոսկվայում է։ Մեր աղբյուրներն ասում են, որ Հարությունյանի մոսկովյան այցի նպատակն Աղավնոյի ճակատագրին վերաբերող հարցերն են՝ արդյո՞ք գյուղը Լաչինի այլընտրանքային ճանապարհի կառուցումից հետո հանձնելու են Ադրբեջանին, ինչի մասին վերջին շաբաթներին հայտարարում է Ադրբեջանի նախագահը, թե՞ ճանապարհի հետ մեկտեղ լուծելու են այլ կոմունիկացիոն հարցեր, որոնք թույլ չեն տալու, որ Աղավնոն մեկուսանա, եւ գյուղում ապրողները պատանդ մնան ադրբեջանցիների ձեռքում ու ստիպված հեռանան իրենց տներից։ Խոսքը էլէներգիայի, գազի առանձին հոսքագծերի կառուցման մասին է, որոնք պետք է գտնվեն ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, ինչպես ճանապարհը: Բանն այն է, որ եթե նոր ճանապարհը կառուցվի, ապա այժմ գործող կայանները մնալու են ադրբեջանական վերահսկողության ներքո, եւ ցանկացած պահի կարող են գյուղը զրկել գազամատակարարումից ու հոսանքից՝ բնակիչներին զրկելով կենսապահովման միջոցներից, ինչպես արեցին ամիսներ առաջ՝ Ստեփանակերտի գազամատարակարարումն անջատելով։

Հիշեցնենք․ այլընտրանքային ճանապարհի շինարարությունը նախատեսված է նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարությամբ։ Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների կողմից 2020 թ․ նոյեմբերի 10-ին ստորագրված հայտարարության 6-րդ կետում ասված է․ «Հայաստանի Հանրապետությունը մինչեւ 2020 թ․ նոյեմբերի 15-ը Ադրբեջանի Հանրապետությանն է վերադարձնում Քելբաջարի շրջանը, իսկ մինչեւ 2020 թ․ դեկտեմբերի 1-ը՝ Լաչինի շրջանը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը կապահովի Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ եւ միեւնույն ժամանակ չի շոշափի ք. Շուշին, կմնա Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ:

Կողմերի համաձայնությամբ՝ առաջիկա երեք տարում կորոշվի Լաչինի միջանցքով երթեւեկության նոր երթուղու կառուցման ծրագիրը, որը կապահովի Ստեփանակերտի եւ Հայաստանի միջեւ կապը՝ հետագայում այդ երթուղու պահպանման համար ռուսական խաղաղապահ զորակազմի վերատեղաբաշխմամբ։ Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների երթեւեկության անվտանգությունը երկու ուղղություններով»։

Լաչինի այլընտրանքային ճանապարհը սկսվելու է Հայաստանի Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղից, անցնելու է Լաչինի շրջանի Գայգի ավանով, Հին Շենի, Նոր Շենի, Աղավնոյի կողքով եւ լեռների միջով հասնելու է Ստեփանակերտ։ Ադրբեջանական կողմն այս ամիսներին ճանապարհաշինական աշխատանքները լայն թափով առաջ է մղում եւ հասել է մինչեւ Աղավնո։ Ադրբեջանը շահագրգիռ է այդ ճանապարհի կառուցման հարցում՝ ի տարբերություն Արցախի եւ Արցախի անվտանգությունն ապահովող ռուսական կողմի։ Իսկ հայկական կողմի հատվածում դեռեւս շինարարություն չի ընթանում, այն դեպքում, երբ եռակողմ փաստաթղթով մինչեւ 23 թվականը ճանապարհը պետք է պատրաստ լինի։ 

Սակայն վերջին ժամանակներում Ալիեւի եւ հայաստանյան իշխանամետ շրջանակների սինխրոն հայտարարությունները, թե Աղավնոն, ըստ եռակողմ հայտարարության, եւս անցնում է Ադրբեջանին, խուճապային տրամադրություններ են առաջացրել Աղավնոյում։ Մենք գրել ենք, որ որոշ ընտանիքներ գյուղը լքելու մտադրություն ունեն։ Եվ չնայած խուճապին, ՀՀ իշխանությունները՝ ի դեմս Նիկոլ Փաշինյանի, ծպտուն չեն հանում՝ չեն հերքում Ալիեւին, ինչն էլ ավելի է խորացնում կասկածները, որ վերոնշյալ ճանապարհի կառուցումից հետո պայմանավորվել են, որ գյուղը մնա ադրբեջանցիներին։ 

Մեզ ասացին, որ Արցախի իշխանությունները փորձում են  հնարավորինս արագ լուծում տալ խնդրին, քանի որ այս անորոշության հետեւանքով գյուղը կարող է կարճ ժամանակում դատարկվել։ Մի քանի օր առաջ ԱՀ նախագահի գլխավորությամբ Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ է հրավիրվել, որի օրակարգի հիմնական հարցը եղել է այլընտրանքային ճանապարհը։ Նիստի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունը, ի դեպ, այսպիսին է․ «Օրակարգում հանրապետության առջեւ ծառացած ներքին եւ արտաքին մարտահրավերներն էին:

Զեկուցումներով հանդես են եկել պաշտպանության, արտաքին գործերի ու տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարները: Ներկայացված հարցերի շուրջ տեղի են ունեցել շահագրգիռ քննարկումներ, որոնց արդյունքում նախագահ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պետական գերատեսչությունների ղեկավարներին»: 

Նիստին մասնակցել է նաեւ ընդդիմադիր «Արդարություն» կուսակցության ղեկավար Հակոբ Հակոբյանը։ «Քննարկվել է ճանապարհի կառուցման հարցը, ասվել է, որ արդեն նախագծվում է ճանապարհի հայկական հատվածը, երբ պատրաստ լինի, կներկայացնեն, խոսվել է այն մասին, որ այն կոմունիկացիաները, որոնք անհրաժեշտ են՝ գազը, լույսը, կապի միջոցները, դրանք նույնպես պետք է այլընտրանքային լինեն՝ ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, որ ադրբեջանցիները հումանիտար դիվերսիաների չդիմեն։ Սրանց մասին եռակողմ հայտարարության մեջ չկա՝ տեսնենք ինչպես կլինի»,- ասաց Հակոբ Հակոբյանը՝ այլ մանրամասներ չհայտնելով։ 

Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանն էլ ասաց, որ գյուղում մտահոգությունները մնում են չփարատված, քանի որ լռում են ՀՀ իշխանությունները․ «Մեր իշխանությունները երկար ժամանակ ձայն չեն հանում, կարող է, իսկապես, նման ցանկություն ունեն, որ գյուղը հանձնեն, իսկ մենք՝ ժողովուրդս, նման ցանկություն չունենք, դուրս չենք գալու։ Աղավնոյի մեծամասնությունը դուրս չի գալու տներից։ Եթե կա բանակցող կողմ, թող բանակցեն ի շահ հայի։ Եթե կա ինչ-որ մեկը, որ կասեն՝ այ, ինքն է պայմանավորվել, որ հանձնվի, հաստատ ինքը կյանքից կհեռանա, կհեռացնենք Աղավնոն հանձնողին։ Այսքան գերի ու զոհեր տալուց հետո ո՞նց կարելի է հավատալ, որ մի հայ հող կհանձնի։ Բայց եթե ունենք դավաճան իշխանություն, դա կպարզվի, կտեսնենք՝ ինչ փաստաթղթերով է հանձնում»։ Հարցրինք՝ շա՞տ են գյուղից հեռացողները, գյուղապետն ասաց, որ արձակուրդների սեզոնին միշտ էլ մարդիկ գնում են հանգստանալու, Հայաստան են գալիս, բարեկամների տուն, հետեւաբար դժվար է ասել՝ հեռացե՞լ են, թե՞ արձակուրդ են մեկնել։