Շվեյցարիան ակտիվացնում է միասնական շուկայի շուրջ բանակցությունները ԵՄ-ի հետ

Մանրամասներ
ա

Շվեյցարիան ակտիվացնում է Եվրամիության հետ բանակցությունները անցյալ տարի երկկողմ հարաբերությունները կարգավորող նոր պայմանագրի ձախողումից հետո, ուրբաթ հայտնել է երկրի նախարարների կաբինետը, փոխանցում է Reuters-ը:

Շվեյցարիան Եվրամիության միասնական շուկային ավելի մոտեցնելու շուրջ տարիներ տեւած բանակցություններն ավարտվել էին անցյալ տարի, երբ Բեռնը հրաժարվել էր 2018 թ. պայմանագրի նախագծից, որը կամրապնդեր կապերն իր ամենամեծ առեւտրային գործընկերոջ հետ:

Այդ որոշումը նշանակում էր, որ անխոչընդոտ անդրսահմանային առեւտուրն ապահովող ավելի քան 100 երկկողմանի համաձայնագրեր վտանգված են, քանի որ Բրյուսելը խոստացել էր առանց նոր համապարփակ պայմանագրի որեւէ նոր շուկա մուտք չտրամադրել Շվեյցարիային:

Փետրվարին Շվեյցարիայի ԱԳՆ-ն բանակցություններ էր սկսել ԵՄ-ի հետ՝ փակուղուց դուրս գալու համար:

Բանակցությունների ընթացքի մասին տեղեկատվություն ստանալուց հետո Նախարարների կաբինետն այդ հիմքով որոշեց ակտիվացնել ԵՄ-ի հետ նախնական բանակցությունները, ասվում է հայտարարության մեջ։

Կառավարության առաջարկները ներքին շուկայի համաձայնագրերի ամբողջական կիրառում են ներառում, ինչպիսիք են մարդկանց ազատ տեղաշարժը, ցամաքային եւ օդային տրանսպորտը կարգավորող կանոնները, գյուղատնտեսությունը եւ արտադրանքի՝ ավտոմեքենաների, բժշկական եւ էլեկտրական սարքերի փոխադարձ տեխնիկական ճանաչումը:

Շվեյցարիայի նախարարների կաբինետը հայտարարել է, որ նախնական վերլուծությունը ցույց է տվել, որ ԵՄ-ն ընդհանուր առմամբ ընդունում է շվեյցարական առաջարկները, թեեւ բանակցությունները հետաձգվել են Ուկրաինայում պատերազմի պատճառով, եւ մինչ այժմ տեղի է ունեցել քննարկումների միայն երկու փուլ:

Շվեյցարիայի կառավարությունը հայտարարել է, որ ցանկանում է շարունակել բանակցությունները եւ կոչ է արել Բրյուսելին ավելի ճկուն լինել, եթե համաձայնություն ձեռք բերվի: