Ձեզ թվում է, որ Իշխան Սաղաթելյա՞նը պետք է որոշի ԱԺ օրակարգը

Մանրամասներ

«Գուցե մի քանիսին զրկենք, որոնք բացահայտ որևէ չափանիշով չեն համապատասխանում, բայց դա ճաշակի հարց է»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վիգեն Խաչատրյանը՝ անդրադառնալով բացակայությունների հիմքով ընդդիմադիր պատգամավորներին մանդատից զրկելու հարցին։  

Հարցին, թե ՔՊ-ի ներսում այս հարցում տարաձայնություններ կա՞ն, Խաչատրյանը պատասխանեց.

«Տարաձայնության հարց չի, տարբեր մոտեցումներ կան, իմ կարծիքով իրենք արդեն այդ վճիռը կայացրել են, իրենց դուրս են դրել պատգամավորի կարգավիճակից»:

Դiտարկմանը, թե ինչու պետք է մանդատից զրկելու հարց քննարկվի այն դեպքում, երբ 2018-ին էլ Նիկոլ Փաշինյանն էր փողոցային պայքարի դիմել եւ չէր գնում խորհրդարան, Խաչատրյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը չէր գնում խորհրդարան, նիստերին չէր մասնակցո՞ւմ: Հայտարարել էր, որ այլեւս չեմ գնալու խորհրդարա՞ն»:

Անդրադառնալով այն հարցին, որ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ կարող են գնալ խորհրդարան, բայց միայն սեփական օրակարգով, Վիգեն Խաչատրյանն ասաց.

«Ձեզ թվում է, որ Իշխան Սաղաթելյա՞նը պետք է որոշի Ազգային ժողովի օրակարգը: ԱԺ օրակարգը որոշում է Ազգային ժողովը՝ քվեարկությամբ: Որևէ մեկը օրակարգ չի որոշում»: