Հայաստանը կմիանա ԱՊՀ պետությունների՝ Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման համաձայնագրին

Մանրամասներ
ա

ՀՀ ազգային ժողովը քննարկեց «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը, որով Հայաստանը կմիանա ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի միասնական օգտագործման նախաձեռնությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործման եւ դրանց հետագա կատարելագործման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:

«Նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունը միանում է Ռուսաստանի Դաշնությունում 2018 թվականի հունիսի 6-ին ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի ընթացքում ստորագրված ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի միասնական օգտագործման նախաձեռնությանը, որի նպատակն է ՌԴ ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգի հիման վրա ձևավորել ԱՊՀ ռազմական նշանակության արբանյակային կապի ինտեգրված համակարգ»,-ասաց Սարգսյանը:

Ռազմական նշանակության արբանյակային կապի համակարգերի օգտագործումն ու կատարելագործումն իրականացվում են համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ-երի կառավարման, հուսալիության բարձրացման և դրանց միջև փոխգործակցության կապերի կազմակերպման նպատակներով:  Ռուսաստանի Դաշնության գործող տիեզերական սարքերի ռետրանսլյատորների թողունակության ռեսուրսը համաձայնագրով տրամադրվում է կողմերին՝ ի շահ համաձայնագրի մասնակից պետությունների ԶՈՒ կառավարման և նրանց ԶՈՒ ռազմական կառավարման մարմինների փոխգործակցության կապերի կազմակերպման:

ՀՀ-ն համաձայնագրին միանում է մեկ վերապահմամբ՝ այն է՝ ՀՀ-ն առանձին որոշում կկայացնի՝ համաձայնագրի դրույթների տարածման վերաբերյալ այն պետությունների նկատմամբ, որոնք կմիանան սույն համաձայնագրին:

Նախագծում նշվում է, որ համաձայնագրի շրջանակներում համագործակցությունը հնարավորություն կընձեռի ՀՀ զինված ուժերի կարիքների համար ռազմական նշանակության կապի ժամանակակից տեսակների, ինչպես նաեւ արբանյակային կապի համակարգերի ուղեծիրային խմբավորման օգտագործումը:

Համաձայնագիրը ստորագրվել է Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի կողմից, չի ստորագրվել Ուկրաինայի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի, Մոլդովայի և Ադրբեջանի կողմից: