Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված հատվածը վերականգնված է, ճանապարհը բաց է բոլոր տեսակի մեքենաների համար

Մանրամասներ

Ծիծեռնակաբերդի խճուղին բաց է բոլոր տեսակի մեքենաների համար: Պաշտոնական հաղորդագրությունը՝ քիչ հետո, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Լևոն Սարդարյանը:

Հիշեցնենք, որ Լենինգրադյանից Ծիծեռնակաբերդի խճուղի ճանապարհահատվածը փլուզվել էր մայիսի 20-ին։ Ճանապարհին շատ մոտ տարածության վրա շինարարություն է ընթանում։

Օրեր առաջ Ազգային ժողովում քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով փլուզմանը՝ ասել էր, որ դեռ վերջնական պարզ չէ, թե արդյոք պատճառը ճանապարհի անմիջական հարևանությամբ ընթացող շինարարությունն է եղել։

Ավելի ուշ, քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․

«Հարգելի քաղաքացիներ,

ուրախությամբ տեղեկացնում ենք, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և այսօր արդեն հանձնված է շահագործման: Երթևեկությունը կիրականացվի երեք ուղեգծով՝ երկու լիարժեք ուղեգիծ Դալմա Գարդեն Մոլից դեպի ՄՀՀ և մեկը՝ ՄՀՀ-ից դեպի Դալմա Գարդեն Մոլ: Վերջին հանգամանքը պայմանավորված է նրանով, որ Ծիծեռնակաբերդի խճուղուն զուգահեռ իրականացվող շինարարական աշխատանքներին զուգահեռ անհրաժեշտ է իրականացնել ամրաշինական միջոցառումներ՝ ապագայում համանման իրավիճակներից խուսափելու նպատակով: Միաժամանակ, տեղեկացնենք նաև, որ այս պահից սկսած հանրային տրանսպորտն աշխատելու է սովորական երթուղիներով:

Եվս մեկ անգամ հայցում ենք մեր համաքաղաքացիների և մայրաքաղաքի հյուրերի ներողամտությունը՝ պատճառված անհարմարությունների համար»: