Մենք անարդար համարեցինք ոչ միայն Վազգենին, այլ նաև Լևոնին, Ռոբերտին, Սերժին ու շատ շուտով անարդար կհամարենք նաև Նիկոլին․ «ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ

Մանրամասներ

Հատկանշական է, որ մենք միշտ առանձնացել ենք արդարության կարևորմամբ, թեկուզև հաճախ վրեժխնդրությունն էր հագեցնում արդարության սովը: Թվում է, թե մեր ողջ պատմության ընթացքում հենց արդարությունն էր մեզ համար ամենակարևոր արժեքը: Այսինքն՝ չորս կարևոր առաքինություններից առնվազն մեկը՝ ամենակարևորը, միշտ եղել է մեր սրտում: Ցավոք, ինքներս մեր հանդեպ արդար, ասել է թե, ազնիվ լինելու փոխարեն ձգտել ենք արդարություն պահանջել արտաքին աշխարհից:

Հայկը և իր ցեղը անարդար էր համարում Բելին ու Բաբելոնը, հետևաբար լքեց այն: Հայկի ժառանգներն անարդար էին համարում պարսիկներին ու Հռոմին ու «լքեցին» Մեծ Հայքը: Նրանք անարդար գտան այն աստծուն, ով կարող էր իր զավակին հուշել, որ սեփական կնոջը կարելի է ներկայացնել որպես քույր՝ սեփական անվտանգության և նյութական բարեկեցության դիմաց, ու հոգու խորքում չընդունեցին այդ աստծուն և իր որդուն: Մեր պապերը անարդար համարեցին օսմաններին ու «լքեցին» Կարսն ու Վանը: Մեր հայրերը անարդար համարեցին Մոսկվան ու «լքեցին» արդյունաբերությունը, կոլխոզները, գիտահետազոտական ինստիտուտները: Մնալով այս պաշարված կղզյակում միայնակ՝ մենք անարդար համարեցինք ոչ միայն «խունտայի պարագլուխ» Վազգենին, այլ նաև Լևոնին, Ռոբերտին, Սերժին ու շատ շուտով անարդար կհամարենք նաև Նիկոլին... Սակայն անարդար համարելու հետ մեկտեղ մենք ոչ թե արդար դատեցինք ու պատժեցինք, այլ վրեժ լուծեցինք, «աբիժնիկական» վրեժ` հաղթողի արդարության ու պատժի փոխարեն վնաս տվեցինք: Պատժի փոխարեն վնաս: Արդարության և վրեժի տարբերությունը կայանում է հենց պատժելու ու վնաս տալու տարբերության մեջ:

Սա մի կողմից համառության ու դրա հետևանքների մասին տխուր պատմություն է, մյուս կողմից անհավանական, անհավատալի, առասպելական աստիճանի անկոտրուն կամքի ու հավատքի մասին է խոսում: Վերջ ի վերջո երկրորդ բաժակից հետո ցանկացած հայի հոգում արթնացող դաշնակցականը բղավում է՝ «մահ կամ ազատություն»` ուղղակիորեն կրկնելով Հայկ նահապետի և իր բոլոր ժառանգների կյանքի խորագիրը:

Մեր հոգու խորքում ծվարած այս աներևակայելի ու անկոտրուն ձգտումն առ արդարություն՝ ոչ միայն մեր տեսակի հիմնական և հենասյունային առանձնահատկությունն է, այլ նաև այն ներքին ուժը, որն ունակ է մեզ դուրս մղել բարոյական հաղթանակների այս անվերջ շղթայից: Այս շղթան պիտի կտրվի, առնվազն որովհետև այլևս «լքելու» տեղ չկա, չկա այն հյուսիսը որտեղ չքվելով` մենք կխուսափենք տոտալիտար լիբերալիզմի ճանկերից: Բարոյական հաղթանակն այլևս հնարավոր չէ, մարտի մեջ մտնելուն ու հաղթելուն այլընտրանք այլևս չկա:

«ԱԴԵԿՎԱԴ» Մանիֆեստ,

Մաս 5, շարունակելի․․․

Մաս 1

Մաս 2,

Մաս 3,

Մաս 4