Երևանին սանձելու ու հնազանդեցնելու համար Մոսկվան այստեղ «դիմադրություն» է նախաձեռնում, որը սակայն, տապալվելով, շանս է տալիս պաշտոնական Երևանին խուսանավել, Մոսկվայում գծված, պրոադրբեջանական պրոցեսին մասնակցելուց. Արթուր Դանիելյան

Արթուր Դանիելյան․ Մանրամասներ

1

Մեր «ընդդիմության» պայքարը գրեթե ամեն օր մի դրական պտուղ է տալիս Հայաստանի համար: ՈՒ, այո´, կրկնում եմ նորից՝ ստեղ հեգնանք չկա:

Տեսեք՝ Հարավային Օսիայում մայիսի 8-ին տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ ընդդիմադիր Գագլոևը հաղթեց ներկայիս նախագահ Բիբիլովին: Բիբիլովը նախընտրական արշավի ընթացքում հայտնել էր, որ Օսիան պիտի Ռուսաստանին միանալու հանրաքվե անցկացնի, մինչդեռ Գագլոևը պնդում էր, որ այդ հարցում շտապել պետք չէ: Երբ ընտրությունների արդյունքները հայտնի դարձան, պարտված Բիբիլովը, օգտվելով այն փաստից, որ նա դեռ որոշակի ժամանակ նախագահ է մնալու, որոշում է ստորագրում, ըստ որի հուլիսի 17-ին վերոհիշյալ հանրաքվեն պիտի անցկացվի: Այս ամենը շատ տգեղ է նայվում, բայց Մոսկվան այլընտրանք չունի, քանի կարող է պիտի գործի, որպեսզի չկրկնվի Աբխազական սցենարը, որտեղ դեռ մարտի 30-ին հայտնեցին, որ չեն պատրաստվում ՌԴ կազմ մտնել:

Էս երկու փոքր, քվազի-պետությունները գոյություն ունեն ՌԴ հաշվին ու ՌԴ-ի պատճառով, բայց միևնույն է խաղեր են տալիս: Շատ ավելի բարդ է վիճակն օրինակ` ՀԱՊԿ-ում: Ղազախստանը արգելել էր մայիսի 9-ի շքերթ անցկացնել ու դրա փոխարեն սկսեց կտրուկ խորացնել հարաբերությունները Թուրքիայի հետ: Նույն իրավիճակը Ղրղզստանում է: Տաջիկիստանի նախագահը ՀԱՊԿ-ի նիստում ասեց, որ լուրջ պրոբլեմներ են սպասվում կազմակերպության հարավային սահմաններում, ակնարկելով, որ Մոսկվան պիտի թարգի ֆլիրտը թալիբների հետ: Սրա հաջորդ օրը թալիբները Տաջիկստանի ուղղաթիռ են խոցում սահմանամերձ գոտում: Դե Փաշինյանի ելույթն էլ վստահ եմ բոլորդ տեսաք:

Այս ամենում ոչ մի զարմանալու բան չկա: Ուկրաինական ֆիասկոյից հետո Մոսկվայի հեղինակությունը ընկել է այն մակարդակի, որ անպարտ ռուսական բանակի ու ամենազոր ռուս ցարի քարոզչական պատրանքներին ոչ մեկ չի հավատում և այլընտանքներ է փնտրում: Այլընտանքն էլ ամեն տեղ հայտնվում է` ի դեմս ԱՄՆ-ի: Հայաստանում դա ակներև դարձավ ԱՄՆ դեսպանի հայտարարությամբ` այլ վայրերում, այլ միջոցներով:

Արևմուտքի էքսպանսիայի դեմն առնելու համար Մոսկվան որոշակի միջոցներ է ձեռնարկում: Մեր տարածաշրջանում նրանք հրաժարվեցին աշխատել ԵԱՀԿ ՄԽ կազմում ու փորձում են միանձնյա գծել հայ-ադրբեջանական սահմանը: Հայկական կողմն այդ փորձերը անընդհատ խափանում է` տապալելով համապատասխան հանձնաժողովի նիստերը և պնդելով, որ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ ֆորմատում: Երևանին սանձելու ու հնազանդեցնելու համար Մոսկվան այստեղ «դիմադրություն» է նախաձեռնում, որը սակայն, տապալվելով, շանս է տալիս պաշտոնական Երևանին խուսանավել, Մոսկվայում գծված, պրոադրբեջանական պրոցեսին մասնակցելուց:

Իրավիճակի զավեշտն էլ նրանում է, որ Մոսկվայի բոլոր այս խնդիրները հենց Մոսկվան է ստեղծել, Աբխազիայից ու Օսիայից սկսած, մինչև Ուկրաինա ու Փաշինյան:

Արթուր Դանիելյան