Արտաքին գործերի նախարարությունը չի մանրամասնում Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովի կազմը։ Հարցմանն ի պատասխան արտաքին քաղաքական գերատեսչությունը նշում է, որ հաջորդիվ զարգացումների վերաբերյալ հանրությունը կտեղեկացվի։
Դեռ մի քանի օր առաջ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել էր, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել էին երկու երկրների շփման գծի սահմանազատման հարցը։
«Կարող եմ նշել, որ մինչև հանդիպումը երկու հեռախոսազրույց է կայացել իմ և Հայաստանի արտաքին գործերի նախարարի միջև, որի ընթացքում Ադրբեջանն իր առաջարկներն է ներկայացրել հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանի առաջարկը կայանում էր նրանում, որ հանձնաժողովը պետք է ձևավորվի այլ ձևաչափով, այսինքն՝ անձը, որը պետք է գլխավորի հանձնաժողովը, պետք է լինի փոխվարչապետի մակարդակով»,- ասել էր Բայրամովը։
Նրա պնդմամբ՝ Արարատ Միրզոյանն ըմբռնմամբ է մոտեցել դրան՝ նշելով, որ Հայաստանում այդ առաջարկի քննարկման համար անհրաժեշտ է լրացուցիչ ժամանակ։ Այնուհետև հայկական կողմը հայտարարել է, որ այդ առաջարկն ընդունելի է իր համար։ «Կա կողմերի միջև պայմանավորվածություն հանձնաժողովի կազմի վերաբերյալ։ Ադրբեջանական կողմն արդեն ապրիլին պատրաստ էր այդ նիստի անցկացմանը։ Այն բանից հետո, երբ հայկական կողմը կկատարի իր ընթացակարգերը, նիստը հնարավոր կլինի անցկացնել»,- հավելել էր ադրբեջանցի նախարարը։
0Comments